Մեքսիկայի գլխավոր դատախազությունն ուրբաթ օրը հայտնել է 13 մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում են թմրաբարոն Հոակին Գուսմանի՝ բանտից փախուստին մասնակցություն ունենալու մեջ: Թմրաբարոնը «Ալտիպլանո» խիստ ռեժիմի բանտից փախչել էր այս տարվա հուլիսին:
Ձերբակալվածների թվում են Սելինա Օսեգերա Պարան, ով նախկինում զբաղեցրել է դաշնային ուղղիչ հաստատությունների համակարգը համակարգողի պաշտոնը, ինչպես նաև «Ալտիպլանո» բանտի նախկին տնօրեն Վալենտին Կարդենասը: Այս մասին գրում է TASS-ը:
«Հանրապետության գլխավոր դատախազությունը կշարունակի հետաքննել այդ միջադեպը, որպեսզի դատական իշխանություններին հանձնեն բոլոր նրանց, ովքեր ենթադրաբար մասնակցել են Հոակին Գուսման Լոերայի փախուստին կամ օգնել նրան փախչել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:










































