2008 թվականից ամեն տարի Զբաղվածության պետական ծառայությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ, որտեղ տարբեր ընկերություններ ներկայացնում են իրենց թափուր աշխատատեղերը։
Առաջարկվող աշխատանքները տարբեր են՝ բանվոր, հավաքարար, մանկավարժ, հոգեբան, ավտովերանորոգող, մատուցող, հաշվապահ։ Հետաքրքրվողները ևս քիչ չեն. մարդիկ գրեթե բոլոր տաղավարների առաջ լրացնում են պահանջվող թերթիկները, թողնում իրենց ռեզյումեները՝ ակնկալիքով, որ գոնե որևէ տեղից պատասխան զանգ կլինի։ Գործազուրկներից շատերի համար անգամ հետաքրքիր էլ չէ՝ առաջարկվող գործը իրենց մասնագիտությա՞մբ է, թե՞ ոչ։
Զբաղվածության պետական ծառայության պետ Արտակ Մանգասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ աշխատանքի տոնավաճառը բավական գործուն ծրագիր է՝ մարդկանց աշխատանքի տեղավորելու համար։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տոնավաճառից հետո 3 ամսվա ընթացքում առաջարկվող աշխատատեղերի մոտ 65 տոկոսը լրացվում է։
Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվով «Սանիտեկ» ընկերության տաղավարի մոտ տվյալներ թողնող մի քաղաքացի «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այսօր շատ դժվար է գործ գտնել, դրա համար պետք է ունենալ լավ ծանոթ, բարեկամ, քավոր, լավ ընկեր։ Մեր զրուցակից քաղաքացին նշեց, որ այդ խմբից ոչ մեկը չունի, դրա համար էլ մանկավարժ լինելով հանդերձ՝ հավաքարարի ու բանվորի գործ է փնտրում։
«Ճար չունեմ, հիմա ուզում եմ գնամ գիշերները փողոց մաքրեմ, զիբիլ թափեմ, որ ընտանիքս պահեմ։ Բայց ես մանկավարժ եմ, ու դա ամոթ է մեր երկրի համար»,- ասաց մեր զրուցակից քաղաքացին։
Նշենք, որ ներկայումս Զբաղվածության պետական ծառայությունում գրանցված է 85 հազար աշխատանք փնտրող քաղաքացի և 75 հազար գործազուրկ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































