Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ «Արևելյան գործընկերության» Խորհրդարանական վեհաժողովը՝ «Եվրանեսթը», խորին ափսոսանք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի այն որոշման կապակցությամբ, որն առնչվում է այդ կազմակերպությունից երկրի դուրս գալու ընթացակարգի մեկնարկին։ Այդ մասին նշված է «Եվրանեսթի» պաշտոնական հայտարարությունում։
Կազմակերպության համանախագահներ Հեյդի Հաութալան ու Վիկտոր Դոլիձեն հայտարարել են, որ կազմակերպությունը բաց է Ադրբեջանում ստեղծված իրավիճակի քննարկման համար։ Հայտարարության մեջ նշված է, որ այն բանից հետո, ինչ Ադրբեջանի խորհրդարանն ընդունած որոշման մասին պաշտոնապես կիրազեկի երկու համանախագահներին, «Եվրանեսթը» կսկսի ուսումնասիրել ստեղծված իրավիճակը՝ սովորական ռեժիմով աշխատանքը շարունակելու համար։









































