Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ավստրալացի պատգամավոր Ջոն Ալեքսանդերը հանդիպել է պաշտոնական այցով երկրում գտնվող ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամ, պատգամավոր Խանլար Ֆաթիևի հետ։
Հանդիպման ժամանակ Ալեքսանդերը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հարցի կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն (ANC Australia)։
Ալեքսանդերը հայտնել է, որ հանդիպման ժամանակ դատապարտել է Ադրբեջանում ակտիվիստների իրավունքների խախտումները, ինչպես նաև խոր մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ:
«Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանն ավելի քան 1 միլիարդ դոլար է ներդրել զրահամեքենաների ու հրետանու գնման համար՝ դրանով իսկ խաթարելով տարածաշրջանային խաղաղությանն ուղղված յուրաքանչյուր ցանկություն»,- ասել է նա։
Ավստրալացի պատգամավորը կարևորել է Ադրբեջանի նման առևտրային գործընկերներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների պահպանման կարևորության մասին հիշեցնելը։








































