Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն կարգադրել է նավթի օրական արդյունահանման ծավալը մեծացնել 500.000 բարելով՝ պատրաստվելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարմանը։
Ընդ որում՝ չի հաղորդվել, թե որքան ժամանակ է պահպանվելու դա, քանի որ ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են նավթի արտահանումը մեծացնել միայն պատժամիջոցների վերացումից հետո։
Մասնավորապես, Իրանական ազգային նավթային ընկերության ղեկավար Ռոքնուդդին Ջավադին հայտարարել է, որ Իրանում նավթի արդյունահանման մակարդակը չի ենթարկվի փոփոխության, քանի դեռ չեն վերացվել պատժամիջոցները։
Մինչև պատժամիջոցների սահմանումն իրանական նավթի օրական արտահանման ծավալը կազմել է 2.3-2.5 միլիոն բարել, այնուհետև այդ ցուցանիշը կրկնակի կրճատվել է։










































