Չինաստանում նոր թափով սկսել են քննարկել փայտիկների օգտագործման նպատակահարմարությունը: Դրանց արտադրությունը մեծ վնաս է հասցնում պետության անտառային տնտեսությանը, գրում է Metro-ն:
Փայտամշակման սարքավորումներով զբաղվող Jilin Forestry Industry Group ընկերության ներկայացուցիչ Բո Գուանշինը տեղեկացրել է, որ ամեն տարի շուկային 80 միլիարդ փայտիկներ են մատակարարվում: Նա կոչ է արել բոլոր չինացիներին բազմակի օգտագործման համար նախատեսված սպասք ձեռք բերել: Այդ կոչով նա դիմել է նաև բոլոր ռեստորաններին:
Գուանշինը հավելել է, որ հակառակ դեպքում շրջակա միջավայրին մեծ վնաս է սպառնում: Նրա խոսքերով՝ երկրի պահանջմունքը բավարարելու համար ամեն տարի 20 միլիոն 20-ամյա ծառեր են կտրվում:
Հարկ է նշել, որ իշխանություններն ավելի վաղ արդեն միջոցներ ձեռնարկել էին բնակչությանն իր սիրած պարագաներից հետ վարժեցնելու համար: 2006 թ. փայտիկների նկատմամբ հինգ տոկոսանոց հարկ է կիրառվել, որը սակայն չի ազդել դրանց ձեռք բերման ծավալների վրա:
2010 թ. Greenpeace-ի ներկայացուցիչները 80 հազար փայտիկներից քանդակ են պատրաստել՝ այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Ամենայն հավանականությամբ, դժվար կլինի հրաժարվել այս սովորույթից, որն ի հայտ է եկել 4 հազար տարի առաջ, և որից օգտվում է երկրի ամբողջ բնակչությունը:











































