Հայաստանում հետաքրքիր ժամանակներ են: Անկախության 25 տարիների անցուդարձը կարծես թե կծիկի նման քանդվում է սանտիմետր առ սանտիմետր: Այդ անցուդարձի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ իրադարձություններ, որոնք զգալիորեն պատված են մթության և խորհրդավորության քողով: Եղել են տարբեր կուլիսային համաձայնություններ, որոնք, ըստ էության, պատմական նշանակություն են ունեցել երկրի հետագա ընթացքի համար, սակայն այդպես էլ ընկալելի չեն եղել հասարակությանը և հանրության առաջ չեն դարձել հաշվետու: Այդ կուլիսային, ստվերային 25 տարիներն իրենց անբեկանելի հետքն են թողել Հայաստանի ներկայիս ճգնաժամային իրավիճակի վրա, որը կրում է համակարգային, համահասարակական, համապետական բնույթ:
Այս իրավիճակում հասել ենք մի կետի, երբ խորհրդավորության, 25 ստվերային տարիների կծիկը քայլ քառ քայլ քանդվում է, ներկա և նախկին զինակիցները սկսում են բացահայտել միմյանց գործողությունները` այս կամ այն նշանակալից ու պատմական դրվագի հետ կապված: Այդ ամենի մեջ, իհարկե, մեծ է նաև չափազանցության, ստի, կեղծիքի մասը, բայց այդ ամենով հանդերձ` պետք է մաքրվի ամբողջ ստվերը, որ կառուցվել է 25 տարի շարունակ և պատանդ վերցրել երկրի զարգացման ռեսուրսները: Այդ ամենի փակ մնալը նշանակելու է երկրի զարգացման հեռանկարի փակ մնալ, քանի որ այդ փակ համակարգը խորհրդավորության շնորհիվ շարունակելու է մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանն ու կառավարելի դարձնել նրան, ընդ որում` թե՛ ընդդիմադիր դաշտը, թե՛ իշխանական, որը խոշոր հաշվով կազմում է մեկ միասնական համակարգ:
Այս վիճակից դուրս գալու համար այդ համակարգը պետք է բացահայտվի, և ներկայումս այն ինքնաբացահայտման ուղի է բռնել, անշուշտ` ոչ իր կամքով, այլ ներքին ու արտաքին, ժամանակային տարբեր գործոնների ազդեցության ներքո: Վերջիվերջո, համակարգում կա նաև ներքին պայքար, քանի որ ինքնին կա գիտակցում, որ ռեսուրսները սպառվում են, և ավելի ու ավելի դժվար է լինելու ինքնապահպանության հարցի լուծումը սովորական դարձած մեթոդներով, հասարակությանը ճնշելով: Այդ իսկ պատճառով էլ համակարգի ընդդիմադիր կամ իշխանական սուբյեկտները ներկայումս փորձում են իրենց վրայից հնարավորինս վայր դնել եղածի համար պատասխանատվությունը` ապագայի պատասխանատվության տակ չմնալու համար: Եվ այդ գործընթացում էլ լինում են փոխադարձ բացահայտումներ, մերկացումներ:
Այդ հոսանքը բարեբեր է Հայաստանի համար, որքան էլ որ հոսանքի հետ գան նաև նոր քարեր ու ցեխ: Դրանք մաքրելու են արդեն եղածն ու նստածը, իսկ նոր եկածը կմաքրի արդեն հասարակությունը, որովհետև նորը, որքան էլ շատ լինի, միևնույն է` անհամեմատելի է 25 տարիների ընթացքում կուտակվածի հետ: Այդ տարիներին այնքան բեռ է կուտակվել, այնքան աղբ, անպետքություն, որ ծածկել են անգամ անքննելի արժեքները՝ անկախությունը, պետականությունը, ազատությունը, Սահմանադրությունը: Այդ ամենը պետք է մաքրվի, ու կարծես թե սկսվել է այդ գործընթացը ու ծավալվում է լայն թափով: Հանրությանը մնում է չխանգարել դրա ընթացքին, հետևել հետաքրքրությամբ, բաց չթողնել ոչ մի դրվագ, զուգահեռ նաև կառուցել իր համակարգը` պետությունը պահելու համար, հենց պարզվի, որ պետության տակ իրականում 25 տարի դատարկություն է գոյացել, որովհետև ոչ թե հենք է ստեղծվել, այլ կրել են այդ հենքը՝ սերմացու գողացող մկան նման` ինչպես կասեր Վարպետը:








































