Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատի խոսնակ Ջանֆրանկո Ֆիլին, ելույթ ունենալով իր` վերջերս հիմնադրված «Ապագա եւ ազատություն» կուսակցության անդամների առջեւ, կոչ է արել Սիլվիո Բեռլուսկոնիին հրաժարական տալ եւ բանակցություններ սկսել նոր կենտրոնամետ-աջակողմյան կառավարություն ձեւավորելու վերաբերյալ:
Euronews-ի փոխանցմամբ, սա նախկին դաշնակիցների միջեւ տեղի ունեցող պատերազմի վերջին դրվագն է:
Չնայած հնչեցրած խիստ քննադատությանը՝ Ֆիլին, այնուամենայնիվ, նշել է, որ պատրաստ է Բեռլուսկոնիի գլխավորած կառավարությանն աջակցել միայն այն դեպքում, եթե նա համաձայնի որոշակի պայմանների:
Ֆիլին հեռացվել էր Բեռլուսկոնիի ղեկավարած կուսակցությունից հունիսին, որից հետո հիմնել էր սեփական կուսակցությունը եւ անդամագրել 40 պատգամավորների ու սենատորների` դրանով Բեռլուսկոնիին զրկելով խորհրդարանական մեծամասնություն ունենալուց: