Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի տասին, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Էվլիա Գյումուշթեքինի սպանության գործի քննությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Մաքսիմ Բաքոյանը մեղադրվում է Էվլիա Մուհամեդի Գյումուշթեքինի սպանության մեջ: Համաձայն ներկայացված մեղադրանքի՝ ամբաստանյալը համոզված լինելով, որ տուժողի եղբայր Յուսուֆ Գյումուշթեքինը 2013թ. հունիս ամսին Թուրքիայի Հանրապետությունում սպանել է իր մորը՝ Բասե /Մայա/ Ալիխանի Բաքոյանին, վրեժխնդիր լինելու շարժառիթով, դանակի գործադրմամբ, 2014թ. մարտի 15-ին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել է Էվլիյա Գյումուշթեքինին: Հաշվի առնելով պետմեղադրող դատախազ Շիրոյանի բացակայությունը` նախագահող Վարդան Գրիգորյանը որոշեց դատական նիստը հետաձգել:
Մինչ դատավոր Գրիգորյանը կնշեր նոր դատական նիստի օրը, ամբաստանյալ Մաքսիմ Բախոյանը դժգոհեց. «Պարո՛ն դատավոր, երբ իմ հարազատներից մեկը մի բառ է խոսում, դիտողություն եք անում, բայց արդեն երկու նիստ է բացակայում է, ու ոչ մի բան չեք անում: Նրան էլ նկատողություն տվեք»:
Դատավոր Գրիգորյանը նշեց, որ սույն դժգոհությունը նկատի կառնվի, և հաջորդ դատական նիստը նշանակեց ս. թ. հուլիսի տասնյոթին:










































