«Մինչև հունիսի 19-ի հանրահավաքը լինելու են մի շարք քայլեր, նախաձեռնություններ, որոնց միջոցով հանրային մեծ բողոքի ձայնը ակտուալ ենք պահելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ հավելելով, որ մայիսի 27-ի միջոցառման ժամանակ 8000-ից ավելի մարդ է եղել, նրանց ոգևորությունը և պահանջատիրությունը իշխանություններին ստիպել են անհանգստանալ։
«Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը կպել է ժողովրդի թույլ նյարդին, և այս իշխանություններին պետք է բարձր լարում տալ»,- ասաց նա:
Վաղինակ Շուշանյանը նաև ընդգծեց, որ պատահական չէ, որ իրենց պահանջը ուղղել են վարչապետին և նախագահին, ոչ թե ՀԷՑ-ին. «Ես կասեի՝ Սարգսյան Սերժին և Աբրահամյան Հովիկին, քանի որ տարբեր է նրանց դիմել Սերժ Սարգսյանով և Հովիկ Աբրահամյանով, հակառակ դիմելաձևի մեջ մեսիջ կա՝ թող իրենք մտածեն և հասկանան, եթե էդքան շատ ինտելեկտուալ մարդիկ են, թող հասկանան՝ ինչու էր այդպես գրված հաղորդագրության մեջ»,- ընդգծեց նախաձեռնության անդամը ՝ մանրամասնելով, որ նշված պաշտոնյաներից մեկը նշանակում է, մյուսը՝ վերահսկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը բավարարում է անհիմն թանկացումները։
«Եթե դուք չեք կարողանում ձեր գործը նորմալ ձևով անել, լքեք այդ աթոռը, հանրության մեջ կան շատ ավելի խելացի մարդիկ, ովքեր կկարողանան այդ հարցին ճիշտ լուծում տալ՝ հանրության սրտով»,- նշեց Վաղինակ Շուշանյանը:
Նա նաև ասաց, որ Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին հանձնարարություն-պահանջագիր են ներկայացրել, նրանք հիմա քննության մեջ են՝ կամ պետք է ստանան «5+», կամ «2». միջանկյալ գնահատականները և լուծումները հանրության կողմից չեն ընդունվելու։ «Մեր հետագա քայլերը կախված են նրանց գործողություններից»,- շեշտեց Վ. Շուշանյանը:
Վերջինս վստահեցրեց, որ նախաձեռնության հետևում ոչ մի ուժի կամ կուսակցության ականջներ չկան, բոլորը ակտիվ, անկուսակցական քաղաքացիներ են: Ինչ վերաբերում է համագործակցությանը, նա ընդգծեց, որ իրենց կարող են սատարել, բայց թույլ չեն տա, որպեսզի կուսակցություններն իրենց օգտագործեն դիվիդենդներ շահելու համար, ասեն, թե համագործակցում են. «Խորհրդարանի ընդդիմադիրները կարող են հարցը ակտուալ պահել ԱԺ-ում, մենք կպաշտպանենք նրանց թեզը, եթե հանրության շահերից է բխում, բայց համագործակցել՝ ոչ, քանի որ հետագայում կրկին կսկսեն ականջներ փնտրել՝ ասելով, թե նախաձեռնությունը միացավ ՀԱԿ խմբակցությանը, ԲՀԿ-ին. չի լինելու այդպիսի բան»,- նշեց նա:
Վաղինակ Շուշանյանը եզրափակեց՝ ասելով, որ իրենց պահանջները հստակ են՝ ուղղված կոնկրետ մարդկանց։ Էլեկտրաէներգիայի սակագինը ոչ մի լումայով չպետք է թանկանա, հակառակը՝ պետք է նվազի:
Մանրամասները՝ տեսանյութում։








































