Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հարցազրույց է տվել Arabian Business պարբերականին, որի ընթացքում քննարկվել են գաղտնալսման, ցանցահենության, մասնավոր կյանք ներխուժելու և անվտանգության հարցեր:
Հարցին՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դավաճա՞ն է, թե՞ հերոս, Վոզնյակը պատասխանել է. «Ինձ համար նա բացարձակ հերոս է, բացարձակ»:
«Նա սրտի կանչով է գործել՝ ելնելով Միացյալ Նահանգների Սահմանադրության նկատմամբ իր հավատից, ինչն էլ ժողովրդավարություն ու ազատություն է: Եվ հիմա դաշնային դատավորը խոստովանել է, որ ԱԱԳ-ի տվյալներ հավաքելը հակասահմանադրական է եղել»,- հավելել է Վոզնյակը:
«Նա ինձ համար հերոս է, քանի որ իր կյանքն է տվել դա անելու համար,- ասել է Վոզնյակը:- Բայց չէ՞ որ նա բավական երիտասարդ է իր կյանքը տալու համար: Բայց նա դա արեց, որովհետև ուզում էր օգնել մեզ բոլորիս, ոչ թե պարզապես խանգարել ընկերությանը, որը նրան դուր չի եկել»:
Հիշեցնենք՝ Սնոուդենը 2013թ. հունիսին Washington Post ու Guardian թերթերին էր տրամադրել մի շարք գաղտնի նյութեր համացանցում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի վերաբերյալ: