Այսօր Լատվիայում տեղի կունենան ԵՄ անդամ երկրների և «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամների ղեկավարների բանակցությունները: Սպասվող գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի մասին Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկևիչսը խոսել է Kommersant-ի հետ:
«Հռչակագրում կարտացոլվի ԵՄ-ի և մեր արևելյան գործընկերների տեսանկյունը մի շարք բարդ հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության: Այդ թեման արդիական է և՛ Ուկրաինայի, և՛Վրաստանի, և՛ Մոլդովայի համար: Եվ մենք չենք մոռանում Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Բայց կարծում եմ՝ մեզ կհաջողվի հասնել այնպիսի ձևակերպումների, որոնք կհամապատասխանեն բանակցությունների բոլոր մասնակիցների ցանկություններին»,- ասել է Ռինկևիչսը:
Վրաստանի հետ կապված հարցին ի պատասխան՝ արդյոք մտավախություններ չկա՞ն, որ անցագրային ռեժիմի չեղարկումը նախադեպ կստեղծի կովկասյան տարածաշրջանի այլ երկրների համար կամ կնեղացնի Թուրքիային, Ռինկևիչսն ասել է. «Մենք անցագրային լիբերալացման հնարավորություն ենք տրամադրում բոլոր գործընկերներին: Բացի դրանից՝ մենք որոշակի առաջընթաց ունենք Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ… Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկանան, և բոլոր չափանիշները բավարարվեն, ես ոչ մի հիմք չեմ տեսնում, որ մենք նրանց նույնպսիի հնարավորություն չտանք: Չէ՞ որ մենք առանց անցագրի ռեժիմ ենք սահմանել Մոլդովայի հետ»:
Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ Ռինկևիչսն ասել է. «Այդ հարցը մենք քննարկել ենք դեռևս հունվարին ԵՄ-Հայաստան խորհրդում: Մենք պատրաստ ենք սկսել Երևանի հետ բանակցությունները նոր համաձայնագրի վերաբերյալ, որոնք կհիմնվեն այն մշակումների վրա, որոնք արդեն ունեցել ենք Հայաստանի հետ 2013 թվականից, այսինքն՝ ասոցացման մասին համաձայնագրի նախագծից: Բայց սկզբունքային տարբերությունն այն կլինի, որ հիմա Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է: Եվ մենք միջոցներ կփնտրենք, որպեսզի Հայաստանի պարտավորությունները՝ որպես ԵՏՄ անդամի, չհակասեն ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը որոշ ոլորտներում»:









































