Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հաստատել է նախկինում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի Միացյալ Նահանգներն ու Հայաստանը պատրաստվում են Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր ստորագրել:
Փաստաթուղթը կստորագրվի այսօր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթի ստորագրման գործընթացին առավելապես աջակցել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատը, ինչպես նաև Հայաստանում գործող ամերիկյան բիզնես շրջանակները:
Դեսպան Միլսն այս կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել` ընդգծելով, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի 2 երկրների առևտրային ու գործարար շրջանակների համար:
Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ հրաշք այդպիսի պայմանագրերից սպասել պետք չէ: Նրա կարծիքով՝ սովորական պայմանագիր է լինելու, ինչպիսիք բազում երկրներ ստորագրել են ԱՄՆ-ի հետ:
Միևնույն ժամանակ Մարտիրոսյանն ընդգծեց, որ քաղաքական առումով այն մի փոքր առավել կարևոր է` քան այլ երկրների պարագայում. «Հայաստանն, ակնհայտորեն դրանով փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական կախվածություն-ներգրավվածությունը, և ԱՄՆ-ին մի փոքր հակակշռի դեր տալ այդ առումով։ ԱՄՆ-ն, իր հերթին, դրանով փորձում է ռուսական հզորագույն ազդեցության կետում պահպանել կամ ներդնել սեփական ազդեցության փոքրիկ նշույլներ»:
Հարցին, թե Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի համար այս պայմանագիրն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց. «ԵՏՄ-ն դեռևս անհասկանալի է մնում շատերի համար, սակայն չեմ կարծում թե պետք է այն դիտարկել միայն որպես բացարձակ ստրկատիրության գործիք: Չեմ կարծում, թե ոչ ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցությունը հակասում է կամ կարող է հակասել այդ միության սկզբունքներին: Հետևաբար, ծանր հետևանքներ Հայաստանի համար չեմ տեսնում»:
Քաղաքագետը նշեց նաև, որ սա կարող է որոշակի տնտեսական ակտիվացման բերել, որը միանգամայն ձեռնտու է Հայաստանին:
Հավելենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի վեցերորդ խոշոր առևտրային գործընկերն է: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, անցած տարի հայ-ամերիկյան երկկողմ առևտուրը կազմել է ավելի քան 220 միլիոն դոլար:










































