Թուրքական Hürriyet թերթը հաղորդում է, որ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ֆրանսաբնակ թուրքերի հետ:
Հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է Լիբիայում տիրող իրավիճակից և, առանց կոնկրետ անուններ նշելու, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նմանեցրել ավազակի.
«Մեր գործելաոճը տարբերվում է նրանցից, ովքեր ավազակի նման ընկած են ավարի հետևից: Նրանք, ովքեր, անձնական ամբիցիաներից ելնելով, փորձում են կարևոր դերակատարություն ունենալ Հյուսիսային Աֆրիկայում և, մասնավորապես, Լիբիայում, և որոնք մոտեցող ընտրությունների պատճառով ցանկանում են խաղալ տարածաշրջանի ճակատագրի հետ, պատասխան են տալու պատմության առջև: Լիբիան ոչ մի երկրի համար փորձադաշտ չէ»:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Հյուսիսային Աֆրիկայի և, մասնավորապես, Լիբիայի հարցում «անձնական ամբիացիաներ չունեցող» Էրդողանն ակտիվորեն ներգրավվել Լիբիայի ծովային և օդային շրջափակման գործում:
Ինչ վերաբերում է Սարկոզիի հանդեպ Էրդողանի տածած ատելությանը, ապա դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մեկտեղ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կատաղի հակառակորդն է և ամենուրեք, այդ թվում՝ նաև Թուրքիայում բարձրաձայնում է իր այդ մոտեցման մասին:
Ի դեպ, Սարկոզիի հանդեպ Էրդողանի տածած այդ ատելությունը կարող էր բազմապատկված լինել Wikileaks-յան հրապարակումների պատճառով: Դրանցում նշված էր այն մասին, որ Սարկոզին «կարմիր- սպիտակ»-ի (թուրքական դրոշի գույները) ալերգիա ունի:
Երբ Սարկոզին Փարիզի վրայով թռչելիս է եղել, նրա օդաչուները փոխել են ինքնաթիռի ուղղությունը, որպեսզի Սարկոզին չտեսնի թուրքական դրոշի գույներով լուսավորված Էյֆելյան աշտարակը, ինչն արվել էր Փարիզ այցելած Էրդողանի պատվին:








































