2011 թ. առաջին եռամսյակում ԶԼՄ-ների դեմ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել, սպառնալիքների ու ճնշումների՝ 15, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 4 դեպք է արձանագրվել: Այս ցուցանիշները ամփոփված են խոսքի ազատության վիճակի և լրատվամիջոցների խախտումների մասին 2011 թ. առաջին եռամսյակի զեկույցը: Իրական իրավախախտումները, սակայն, ավելի շատ են, քանի որ հաճախ լրատվամիջոցները չեն դիմում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին և փորձում են ինքնուրույն լուծել կոնֆլիկտները:
«Դրական միտումն այն է, որ կոնֆլիկտները բռունցքներով չեն լուծում, այլ՝ դատարաններում: Այլ հարց է, որ դատարանները անկախ չեն և դառնում են գործիք լրատվամիջոցների հետ հաշվեհարդար տեսնելու համար»,- ամփոփում է Աշոտ Մելիքյանը:
Դատական հայցերի մեջ մեծ մաս են կազմում քաղաքական գործիչների կողմից հարուցված գործերը: Մատնանշելով 3 պատգամավորների հայցը «Հայկական ժամանակ» թերթի դեմ և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ակտիվությունը»` ընդդիմադիր թերթերի դեմ դատական հայցեր ներկայացնելիս` Աշոտ Մելիքյանը փաստում է, որ կիրառվում է քաղաքական ճնշում լրատվամիջոցների նկատմամբ:
Աշոտ Մելիքյանը վկայակոչում է Մարդու իրավունքների միջազգային դատարանի եզրակացություններն այն մասին, որ քաղաքական գործիչները առավել հանդուրժող պիտի լինեն քննադատության հանդեպ, և որ լրագրողները իրավունք ունեն դիմել թույլատրելի չափազանցության և սադրանքների: Ըստ այդմ, Աշոտ Մելիքյանը խորհուրդ է տալիս քաղաքական գործիչներին առավել հանդուրժող լինել: