Վրաստանում ձերբակալվել են հատուկ նշանակության ուժերի վեց աշխատակիցներ, որոնք մեղադրվում են իրենց գործընկերներին կտտանքների ենթարկելու մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամլո խոսնակ Նինո Գիորգոբիանիին:
Ինչպես նշել է Գիորգոբիանին, 2012թ. կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ, այդ ժամանակ ՆԳՆ ղեկավար Ախալայան աշխատանքից հեռացրել էր հատուկ նշանակության ուժերի յոթ աշխատակիցների: ՆԳՆ մամլո խոսնակի խոսքերով` նրանց հեռացրել էին ընդդիմությանը սատարելու պատճառով: Դրանից հետո Ախալայան պահանջել է աշխատանքից հեռացված աշխատակիցների համար անցկացնել «բարձրագույն որակավորման դասեր», որոնց ընթացքում գործընկերները նրանց մերկացրել են և ստիպել վազել, միմյանց հետ առանց կանոնների ձեռնամարտի բռնվել: Բացի այդ, նրանք ծեծի են ենթարկվել: Մեկ ամիս անց հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներին բաց են թողել:
Գիորգոբիանիի խոսքերով` յոթ աշխատակիցներն էլ վնասվածքներ էին ստացել, սակայն բժշկական օգնություն չեն ստացել:
Տուժածների ցուցմունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ հատուկ գործողությունների կենտրոնի հրամանատար փոխգնդապետ Մամուկա Աբաշիձեն, ռազմավարական օբյեկտների պահպանման ծառայության աշխատակց Դավիդ Չուբունիձեն, լեռնա-հետախուզական ստորաբաժանման զինծառայողներ, հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներ Գիորգաշվիլին, Ալեքսեյ Դավիթաշվիլին և շարքայիններ Վլադիմիր Զանգիևն ու Ռոբերտ Սուտիձեն:
Մամուկա Աբաշիձեի փաստաբանը հաղորդել է, որ ձերբակալվածը հերքում է բոլոր մեղադրանքները:








































