«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու մասին 28 անհատներ երեկ հայտարարության ծանուցում են մուտքագրել արդարադատության նախարարություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին:
«Հրապարակը» գրում է, որ երեկ հայտնի դարձավ նաև, որ հենց ՀԱԿ համակարգողն է նշանակվել ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ: Իսկ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու փաստաթղթի տակ ստորագրել եև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահը, Լևոն Զուրաբյանը, Զոյա Թադևոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթևոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Մարինե Դավոյանը և ՀԱԿ երիտասարդներ Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Աամվել Թեյմուրազյանը, Արեգ Գևորգյանը, Եվա Ադամյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Աբրահամյանը և այլք: ՀԱԿ-ը կուսակցականացնելու մասին «Հրապարակը» զրուցեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:
– Պարոն Հովհաննիսյան, բովանդակային առումով ի՞նչ կարող է տալ ՀԱԿ-ի կուսակցականացումը, գուցե կառուցվածքային փոփոխություն անելու անհրաժեշտություն կար, բայց դա բովանդակային փոփոխություն կբերի՞ ըստ Ձեզ:
– Ինքնըստինքյան պարզ է, որ ներկա իրավիճակի այն բնութագրությունը, որը հայտնի հարցազրույցում տալիս է Լևոն Տեր-Պետրոսյանը, և առաջարկվող դեղատոմսը մեկը մյուսին չի համապատասխանում, որովհետև իր կողմից տրված բնութագրությունը պահանջում է կտրուկ լուծումներ: Քանզի հենց ինքն է ասում, որ արտագաղթը հասել է աղետալի չափերի, և երկիրը դատարկվում է: Այն, որ արտագաղթողները հիմնականում ընդդիմության գաղափարակիցներն են, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, այն, որ նրանք արտագաղթում են, որովհետև հիւսսթափվում են ընդդիմության գործունեությունից և անընդունակությունից, որովհետև անցած հինգ տարիների ընթացքում չկատարեց սեփական խոստումը (ես նկատի ունեմ արմատական ընդդիմությանը, հենց ՀԱԿ- ին)՝ «կազմաքանդելու ավազակապետությունը» և փոխելու երկրում իրավիճակը, ակնհայտ և որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Ես ինքս կուսակցական շինարարության կարելի է ասել փորձառու մասնագետ եմ, քանի որ առաջին զանգվածային կուսակցությունը մեր իրականության մեջ ՀԺԿ-ն էր 1998-99թթ., և ես այն ժամանակ լինելով կուսակցական կառույցների կազմավորման հանձնաժողովի նախագահ և ՀԺԿ-ի քաղաքական քարտուղար, անմիջական ղեկավարում էի ՀԺԿ-ի կուսակցական շինարարությունը Հայաստանի ամբողջ տարածքում: Եվ կարող եմ ասել, որ դա տևական գործ է, որը եթե ոչ տարիներ, ապա ամիսներ է պահանջում: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նկարագրած իրավիճակն այնպիսին է, որ հաշիվը գնում է ոչ թե ամիսների, այլ օրերի, և Հայաստանը, ինչպես ինքն է ասում, օրերի ընթացքում կարող է զրկվել իր պետական անկախության ատրիբուտներից: Այսինքն՝ այն դեպակուլացիան, որն ահագնացող թափանիվի նման գլորում են մեր երկիրը դեպի անդուդ, որևէ երաշխիքներ չի ստեղծում, որ կուսակցական շինարարության տևական գործունեությունը կարող է պսակվել ինչ-ինչ արդյունքներով: Նկատի ունեմ ոչ թե արդյունքները, որոնք կարող են բավարարել ՀԱԿ-ի 7 հոգանոց խմբակցությանը, որը դիրքավորվել է խորհրդարանում, այլ բավարարել մեր ժողովրդին, հասարակությանը:
– Բայց կարծես նույն 7 հոգու վերաբերմունքը միանշանակ չէ այս գաղափարի իրագործման վերաբերյալ, ուստի չե՞ք կարծում, որ ՀԱԿ առաջնորդի նպատակն այլ հաշվարկում պետք է որոնել:
– Չէ, յոթ հոգանոց խմբակցությունը խնդիր ունի իմաստավորելու սեփական գոյությունն Աժ պատերի ներսում: Որովհետև շատերը հասարակության մեջ անիմաստ են համարում այդ խմբակցության այդպիսի թվաքանակով գործունեության շարունակությունը: Եվ իմաստավորելու երևի թե միակ ճանապարհը դա ՀԱԿ-ի ձևափոխումն է և վերածումը կուսակցության: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի փորձերը՝ դա ներկայացնել որպես ռեալ և հեռանկարային ելք ստեղծված իրավիճակից: Բայց եթե ճիշտ է այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, որ այս տարվա ընթացքում ոչ թե 50 հազարից, այլ 100 հազարից ավելի քաղաքացիներ գումարվելու են այն 50-հազարներին, որոնք նախորդ տարիների ընթացքում են լքել Հայաստանը, ապա հարց է առաջանում, իսկ ումո՞վ պետք է ստեղծվի այդ կուսակցությունը: Այսինքն՝ ո՞վ պետք է համալրի այդ կուսակցության շարքերը, եթե երկիրը դատարկվում է, և, ի վերջո, կուսակցությունը մարդկանց, քաղաքացիների համախմբումն է, և եթե քաղաքացիները լքում են երկիրը, ապա ինչպե՞ս է պատկերացնում Լևոն Տեր-Պետրոսյանը կուսակցական շինարարությունը մի իրավիճակում, երբ քաղաքացիները ոչ թե իրենց հեռանկարը կապում են մեր երկրի և այստեղ հնարավոր փոփոխությունների հետ, այլ երկրից ժամ շուտ հեռանալու հետ, ինչպես ինքը՝ Տեր-Պետրոսյանն է նկարագրում: Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանի իրավիճակային վերլուծությունը և առաջարկվող դեղատոմսը միմյանց չեն համապատասխանում և հակասական են: Եթե ճիշտ է, որ երկրում իրավիճակն այդքան վատ է, և մարդիկ գլխապատառ փախչում են երկրից, ապա անլուծելի է դառնում կուսակցական շինարարության խնդիրը:
– Բայց չէ՞ որ նաև վստահեցնում է, որ այդպիսով միայն հնարավոր կլինի պայքարել, ինչո՞ւ ոչ՝ կանխել այս իրավիճակը, և, բացի դրանից, ձեր մատնանշած կուսակցաշինությունը ժամկետների առումով այս դեպքում փոքր-ինչ տարբերվում է, որովհետև հայտարարվել է, որ Կոնգրեսի հիմքի վրա է նոր կուսակցություն ստեղծվելու:
– Կոնգրեսի հիմքի վրա է, բայց Կոնգրեսն այսօր կիսափլուզված վիճակում է, և այնտեղ այսօր գաղափարական և կազմակերպական քաոս է տիրում, և այդ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին: Ես բազմիցս, նաև ձեր թերթին եմ ասել, որ ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին արդյունավետ մասնակցության համար անհրաժեշտ ձևաչափ է, բայց ոչ խորհրդարանական ընտրությունների: Այսինքն, երբ ստեղծվեց Կոնգրեսը, խնդիր էր դրվել հասնել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման, և երբ այդ խնդիրը չլուծվեց, և շաբաթն ուրբաթից շուտ հասավ, ու անհրաժեշտ եղավ մասնակցել հերթական խորհրդարանական ընտրություններին, Կոնգրեսը, որպես այդ ընտրություններին մասնակցության ձևաչափ, ցույց տվեց իր անարդյունավետությունը:
– Լավ, դա արդեն պարզ է, հիմա ներկա գործընթացների մասին խոսենք:
– …Բայց խորհրդարանական ընտրություններից հետո անմիջապես սկսում էր նախագահական ընտրությունների անցկացման փուլը: Եթե ՀԱԿ-ը գոնե հասներ նրան, որ Աժ ընտրություններից հետո լինեին հետընտրական զարգացումներ, որովհետև, ինչպես տեսանք, Կոնգրեսը չկարողացավ դրան հասնել և Միասնական շտաբի շրջանակներում համոզել ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, որոնք մաս էին կազմում այդ շտաբի, ինչպես նաև «Ժառանգությանը», որպեսզի միասնաբար նախաձեռնեն հետընտրական գործընթաց, և այն սահուն անցնի նախագահական ընտրությունների փուլ, ինչը հնարավորություն կտար նաև առաջ քաշել միասնական թեկնածուի: Եվ քանի որ ՀԱԿ-ը չգնաց այդ ճանապարհով և ըստ էության ձախողեց աշնանային հանրահավաքային ալիքը, որը հենց ինքն էր խոստացել բարձրացնել և դրանով իսկ անհրաժեշտ ֆոնդ ստեղծել ընդդիմադիր ուժերի համախմբման և նախագահական ընտրություններին միասնաբար մասնակցության համար: Ուստի ձախողվեց նաև նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցության նպատակը, և հիմա, սքողելու համար սեփական պատասխանատվությունն այդ խայտառակ ձախողման համար, առաջ է քաշվում ահա այս պատրանքային նպատակը, որ կուսակցություն ստեղծելու միջոցով դուրս գալու ստեղծված իրավիճակից: Մինչդեռ իրավիճակն իսկապես ողբերգական է, որովհետև նախագահական ընտրությունները ձախողված են ոչ միայն իշխանությունների համար, այլև ընդդիմության, մեր երկրի, մեր պետության: Եվ այլ կերպ չէր կարող լինել, որովհետև ցանկացած երկրում իշխանությունը և ընդդիմությունը հաղորդակցվող սրվակներ են, և եթե տապալվում է ընդդիմությունը և հրաժարվում է իր դերակատարությունից՝ ակտիվորեն մասնակցելու այնպիսի կարևորագույն քաղաքական իրադարձությանը, ինչպիսին է նախագահական ընտրությունը, պատճառները թողնենք մի կողմ, այդ դեպքում իշխանությունն էլ է ձախողվում: Այսօր քաղաքական ողջ համակարգն է ձախողվել:
– Հիմա ՀԱԿ կուսակցության հեռանկարն ինչպիսի՞ն է:
– Եթե հիշում եք, ՀԱԿ-ի ողբերգական ավարտը ես ի սկզբանե եմ կանխատեսել: Գիտեք, որ ես Համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից էի, ելույթ էի ունենում և հարթակում, և… Բայց ես հրաժարվեցի մասնակցել այն հանրահավաքին, որտեղ ստորագրվեց ՀԱԿ-ի կազմավորման մասին հուշագիրը, հիշում եք՝ մագաղաթի վրա ստորագրվեց այդ հուշագիրը հանդիսավոր կերպով: Ավելին, ես համոզում էի Ստեփան Դեմիրճյանին, որ նա չստորագրի… ավելի ճիշտ՝ ոչ թե չստորագրի, այլ իր առանձին կարծիքով հանդես գա: Ես այն կարծիքին էի, որ համաժողովրդական շարժումը չէր կարելի դնել ինչ-որ ինստիտուցիոնալ կաղապարի մեջ: Պետք է քաղաքական ակտիվության անբռնազբոս ընթացքը չխոչընդոտվեր ինչ-ինչ կաղապարային, ինստիտուցիոնալ լուծումներով, որպեսզի չկրկնվի այն իրավիճակը, որը եղավ 1988-91 թթ., երբ համազգային շարժումն իր մեջ ներառեց մեր ժողովրդի ակտիվությունը, հնարավորություն տվեց մեր ժողովրդի ամենալավ հատկանիշները դրսևորելու և համակեց բոլորին, բայց հետո վերածվեց ՀՀՇ կազմակերպության և մտավ փակուղի: Այսինքն, ի սկգբանե շարժման ինստիտուցիոնալիզմի կողմնակից չէի: Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Քաղաքացիական փաստաթուղթ, նա անուղղակի ձևով հաստատում է իմ տեսակետի ճշմարտացիությունը: Ըստ էության, սա նշանակում է, որ ինստիտուցիոնալիզմը կոշտ կուսակցական բերում է մեծ կորուստների և թվացյալ առավելությունների, ինչպես դա եղավ ՀԱԿ-ի դեպքում: Երբ որ ժողովրդական շարժումը վերածվեց ՀԱԿ-ի, երկրորդ քայլը դարձավ հակահամակարգային ուժի կարգավիճակից ՀԱԿ-ի նահանջը: Այսինքն, ՀԱԿ-ը հակահամակարգային ուժից վերածվեց համակարգային ընդդիմության, մուտք գործեց խորհրդարան և այնտեղ 7 հոգով դիրքավորվեց: Հիմա այս իրողությունը, ինչպես արդեն ասացի, իմաստավորելու խնդիր կար, ինչը և արվում է:








































