Անցյալ շաբաթ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՊՃՀ ռեկտորի պաշտնակատար Հովհաննես Թոքմաջյանին առ այն, որ Պպոլիտեխնիկում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ: Ըստ այդմ, նախարարն առաջարկում է չեղյալ համարել ս/թ հունվարի 21-ի «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» առարկայի քննությունը, ողջամիտ ժամկետում իրականացնել վերը նշված թերությունների վերացում, սահմանել տվյալ առարկայից քննական նոր ժամանակացույց, ինչպես նաև հնարավորություն ընձեռել սովորողներին (ասպիրանտներին) ցանկության դեպքում կրկին մասնակցելու անցկացվող քննությանը` գնահատականի պահպանմամբ:
Հիշեցնենք, որ ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը այս խնդրով դիմել էր նախարարին, քանի որ քննությունից անբավարար էր ստացել և սա համարել միտումնավոր քաղաքականություն:
ՀՊՃՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում արձանագրված ընթացակարգային խախտումները:
Պրոռեկտորը նշեց, որ բուհի ասպիրատները և հայցորդները եռամյա կամ քառամյա ուսումնառություն են անցնում, ստանում են հետազոտողի դիպլոմ, որից հետո հնարավորություն են ստանում ատենախոսություն պաշտպանելու:
«Մեր համալսարանը 1994-ից այդ ծրագրով իրականացնում է ուսուցում, որն իրականացնում է և համապատասխան ուսումնական պլանների համաձայն: Այնտեղ կան և́ պարտադիր, և́ ընտրովի առարկաներ: Ընտրովիների ցանկում կա նաև «Հավանականությունների տեսություն» առարկան, որն ընտրել էր ուսխորհրդի նախագահ, առաջին կուրսի ուսանող Գոռ Վարդանյանը: Քննություններն անցկացվել են հունվարի 21-ին: Մեր համալսարանում քննությունների, ստուգարքների, ընթացիկ հարցումների հետ կապված ունենք մշակված կանոնակարգ, որի համար հիմք է հանդիսացել ԿԳՆ-ի կողմից ներկայացված կրեդիտային համակարգը: Այստեղ մանրամասն գրված է, թե ինչպես պետք է դա կատարվի, այդ թվում նաև կա հատուկ բաժին, որը վերաբերում է քննությունների բողոքարկմանը: Եթե ուսանողը, ասպիրանտը կամ հայցորդը համաձայն չէ գնահատականին, նա անմիջապես պետք է դիմում գրի ամբիոնի վարիչին և բողոքարկի: Մենք սա տարածել ենք և կիսամյակային քննությունների և միջանկյալ ստուգումների վրա, որպեսզի գործընթացն ավելի բաց լինի»,- ասաց Սուրեն Աղբալյանը:
Նա նշեց, որ ցավոք, երբ հունվարի 21-ին քննությունը կայացել է, Գոռ Վարդանյանը չի բողոքարկել, հետո ասել է, որ ավելի ճիշտ է գտնում միանգամից դիմել նախարարին։ Նա կարող էր դիմել համալսարանի ռեկտորին, բայց դիմել է միանգամից նախարարին:
«Հանձնաժողովն աշխատել է փետրվարի 10-11-ը: Նրանց հետաքրքրում էին տոմսերն ու հարցաշարը: Ես բացատրեցի, որ միայն դրանով չէ, յուրաքանչյուր դասընթացի դեպքում պետք է լինի ուսումնական պլանի առկայություն, առարկայական ծրագիր, հարցաշար և տոմսեր: Ուսումնական պլանը չկար, որովհետև նա այլ ֆակուլտետի ասպիրանտ է, հետևաբար ուսումնական պլանը պետք է լինի այդ ֆակուլտետում: Առարկայական ծրագրի հետ կապված ամբիոնի վարիչը չգտավ, ես զանգահարեցի ուսումնական բաժին, ծրագիրը բերեցին: Տոմսերն ու տետրը տեղում էին, իսկ հարցաշարը գտնվում էր պարապող դասախոսի մոտ, որը հիվանդ էր: Հանձնաժողովը ներկայացրել է ԿԳ նախարարին, որի որոշումը մենք ընդունում ենք, բնական է, այստեղ առարկելու բան չկա: Եթե նախարարությունը համարում է, որ նա պետք է վերահանձնի քննությունը, մենք դա մեծ հաճույքով ընդունում ենք: Նախորդ քննությունը հրամանով չեղյալ կհամարենք»,- ասաց պրոռեկտորը:
Նույն խնդրի առնչությամբ Գոռ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Քանի որ ԿԳՆ հանձնաժողովն ուսումնասիրությունից հետո պաշտոնապես հրապարակել է իր տեսակետը, ես խախտումների մասին չեմ ուզում խոսել: Երբ նշանակվի նոր քննության օրը, ես միանշանակ պատրաստ եմ քննությունը հանձնել լրագրողների ներկայությամբ»:
Հարցին, թե ինչու նախարարին դիմելուց առաջ չի դիմել ամբիոնի վարիչին կամ անգամ ռեկտորին, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Հարկ եմ համարել ԿԳՆ լիազոր մարմնին դիմել, ավելին չեմ ուզում մեկնաբանել»:
Անդրադառնալով ուսխորհուրդը լուծարելու խնդրին՝ Աղբալյանը նշեց. «Մեր համալսարանը դարձել է հիմնադրամ: Հաստատման պահից մեր ունեցած բոլոր փաստաթղթերը դառնում են զրո, կարգն է այդպիսին: Այս կանոնադրությունը պետռեգիստրում գրանցվել է դեկտեմբերի 24-ին: Որպեսզի մենք կարողանանք գիտխորհուրդը ձևավորել, ռեկտորի կողմից եղել է հրաման, ժամանակավոր կարգ, որով կայացել է գիտխորհրդի ընտրությունը: Գիտխորհուրդը պետք է ձևավորվի, հետո հոգաբարձուների խորհուրդը, որպեսզի մոտ ապագայում կարողանանք իրականացնել ռեկտորի ընտրությունը: Հոգաբարձուների խորհուրդը 32 հոգուց է բաղկացած, որի 25 տոկոսը դասախոսներ են, 25 տոկոսը` ուսանողներ, 25 տոկոսը լիազոր մարմինն է, որը ներկայացնում է ԿԳՆ-ն, և 25 տոկոսը ներկայացնում է կառավարությունը: Մենք սկսեցինք գիտխորհուրդ ձևավորել ամբիոններից: Գիտխորհուրդը ձևավորվել է, եղել է նիստը, իսկ ուսանողները պետք է իրենց թեկնածուներին ներկայացնեին, սակայն մինչ փետրվարի 2-ը ուսխորհուրդը չէր ներկայացրել»,- ասաց նա:
Հարցեր առաջացել են այն ժամանակ, երբ ուսխորհուրդը ինքնավարությունը և ՀՀ օրենքները պահելու համար որոշել է շարժվել իրենց օրենքներով. գիտական խորհրդի անդրանիկ նիստում առաջին և երկրորդ օրակարգային հարցերում՝ ուսանողական գիտական ընկերության կանոնակարգի մասին, խոսվում էր ուսխորհրդի ինքնավարության մասին: Առաջինում նշված էր, որ գիտական խորհուրդը պետք է ուսանողական խորհրդի ստեղծման և գործունեության կարգը հաստատի, երկրորդում ուսանողական գիտական ընկերության կանոնակարգն էին դրել հաստատելու: Դա այն դեպքում, երբ օրենքին հետևելով, օրենքով սահմանված կարգով, ամսի 2-ին ուսանողական խորհուրդը ներկայացրել էր նախարարի հաստատմանը («Կրթության մասին» օրենքի հոդված 28.10, և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ կետ/:
Նա նշեց, որ ուսխորհուրդը ցանկանում էր, որ այս հարցը բուհի ներսում լուծում ստանար, նաև այս հարցն էր ցանկանում պատերի ներսում լուծել, բայց ինչու հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորման դեպքում, երբ 25 տոկոս ուսանողության հարց կա, խոսվում է ուսխորհրդի լեգիտիմության մասին:
«Մենք ենք ոչ լեգիտի՞մ, թե՞ այն մարդը, որ 11 ամիս պաշտոնավարում է, և պաշտոնավարում է նշանակված դերում ինչ-որ մարմինների կողմից, ե՞ս եմ նշանակված, թե՞ այն մարդիկ, ովքեր դեռ ընտրված չեն՝ ինձ համար դա անհասկանալի է»,- ասաց Գոռ Վարդանյանը:
Ավելին՝ տեսանյութում:








































