ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քամահրանքով է խոսել Վանո Սիրադեղյանի մասին՝ նրան մեղադրելով քաղաքական սպանություններ կազմակերպելու մեջ, և իր զարմանքն է հայտնել այն կապակցությամբ, թե ինչու իշխանությունները Վանո Սիրադեղյանին բերման չեն ենթարկում և պատժում գործած հանցանքների համար:
Այս առչնությամբ ԵԼՔ շարժման նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես չեմ բացառում, որ հացադուլի հոգեմաշ պրոցեսը խաթարել է այս տղայի հիշողությունը, և նա մոռացել է, թե ով է Վանո Սիրադեղյանը և ինչ ներդրում ունի մեր պետության կազմավորման գործում: Ասեմ, որ սրանից երկու օր առաջ ֆեյսբուքյան իր էջում ես թողել էի խնդրանք-գրառում, որ Անդրիասը դադարեցնի հացադուլը, բայց տղան չանսաց իմ խնդրանքին և այսօր արդեն «Ազատություն» ռ/կ-ով իրեն ամոթալի ու նվաստացուցիչ վիճակի մեջ դրեց՝ հանդես բերելով ոչ միայն իր ցածր իրավագիտակցությունը, այլև մարդկային, բարոյական կասկածելի որակները: Բայց ամեն ինչ կորած չէ: Նա կարող է զանգել սեփական տիկնոջը՝ Անահիտ Թարխանյանին, ով բավականին մոտ հարաբերությունների մեջ էր Վանո Սիրադեղյանի հետ, և տիկինը կարող է օգնել ամուսնուն վերականգնել խաթարված հիշողությունը: Ամեն դեպքում, մեկ անգամ էլ խնդրում եմ նրան դադարեցնել հացադուլը կամ էլ այդ ֆիզիովիճակով զերծ մնալ լրագրողների հետ ակտիվ շփումից՝ այսօրինակ կրիզներից զերծ մնալու համար»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































