Պերմյակովի գործի վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա, գործը քննության փուլ չի անցել, որևէ տեղեկատվոթյուն չի հրապարակվել, որ ես կարողանամ նոր բան ասել. այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Անդրադառնալով փաստին, որ գրեթե ոչ մի նոր տեղեկատվություն չկա այդ գործի վերաբերյալ՝ Ջհանգիրյանը նշեց. «Մենք նախաքննության տվյալներին չենք տիրապետում: Դատախազի իրավունքն է` որոշել, թե նախաքննության վերաբերյալ ինչ չափով տեղեկատվություն տրամադրվի»:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն իր հայտարարությունում նշել է, որ հայ իրավապահները պետք է գործը քննեն ռուս իրավապահների հետ միասին, Ջհանգիրյանն արձագանքեց. «Ո՞ր գործի մասին է խոսքը. Պերմյակովը առնվազն երկու հանցագործություն է գործել. մեկը զենքով դասալքությունն է, մյուսը` սահմռկեցուցիչ սպանությունները: Մեկը, ըստ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրի, պետք է քննեն ռուսական իրավապահները, մյուսը` մեր: Դրա համար պետք է համագործակցություն լինի: Որոշ քննչական գործողություններ Պերմյակովի հետ զորամասում պետք է կատարեն մեր քննչական մարմինները, որոշ քննչական գործողություններ` ռուսականները»:
Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ համագործակցությունը կստացվի, Ջհանգիրյանը պատասխանեց. «Վստահության մասին կարելի է խոսել նախաքննության ավարտից հետո կամ ընթացքում, եթե տեղյակ ես: Ես վստահ եմ, որ թե́ մեր, թե́ նրանց իրավապահները 7 մարդու սպանության համար ցմահ են տալու, բայց գործի լիարժեք բացահայտումը, արարքի ճիշտ որակումը հազար ու մի հանգամանքներ ունի: Այդ մասին տեղեկատվություն չունենք, որ գնահատականներ հնչեցնենք»:
Ջհանգիրյանն անդրադարձավ նաև ռուսական ռազմաբազայի` Հայաստանում գտնվելու նպատակահարմարության խնդրին, եթե նկատի ունենանք, որ ռուսական ռազմակայանն ինքն է վտանգի աղբյուր դարձել հայերի համար` նշելով. «Իսկ դուք սահմանապահ զորքերի կամ ռազմաբազայի փոխարեն ի՞նչ կարող եք առաջարկել: Այսօր Հայաստանն իր ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում արդյոք ունի՞ այլ ռազմական գործընկեր, որ կարողանա փոխարինել ռուսական ներկայությունը այլ ներկայությամբ: Ես չեմ կարող ասել՝ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է այդպիսին որակվել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ մենք այսօր այս անվտանգության համակարգի մեջ ենք, և այստեղ ապահովվում է ՀՀ ռազմական անվտանգությունը նաև ՀԱՊԿ-ի միջոցով»:
Մեր հիշեցմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի միջամտելու հայ-ադրբեջանական հակամարտությանը, թեև ՀԱՊԿ կանոնադրությամբ ՀՀ սահմաններին սպառնալիքի դեպքում այդ կազմակերպության պարտքն է պաշտպանել իր անդամ երկրին, Ջհանգիրյանն արձագանքեց. «Սահմանին իրավիճակը միշտ էլ լարված է եղել, գուցե հիմա մի փոքր ավելի է լարվել, իսկ ՀԱՊԿ-ը պատերազմի ժամանակ պիտի միջամտի: Հիմա զինադադար է, որը խախտվում է: Սա քաղաքական խնդիր է, պետք է լուծվի Ղարաբաղի հարցը»:
Ավելին՝ տեսանյութում:









































