Կանխատեսելի էր, որ Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրություններին ընդդիմադիր՝ այլընտրանքային թեկնածուի մասնակցությունը կբարձրացնի Ղարաբաղի միջազգային իմիջը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցին, որտեղ անդրադարձ էր կատարվում նաև Լեռնային Ղարաբաղին:
Մասիս Մայիլյանը նշեց, որ կիսում էայն գնահատականը, որը տրվել է կազմակերպության կողմից: Ավելին, ըստ նրա`ակնկալվում էր, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքական իրավունքների առաջընթաց կարձանագրվի:
«Մենք ակնկալում էինք, որ միջազգային գնահատականը կբարձրանա` շնորհիվ ընդդիմադիր կամ այլընտրանքային թեկնածուի`ԼՂՀ նախագահական ընտրություններինմասնակցությամբ: Ամռանը ես կանխատեսել էի, որ այսպես է լինելու՝ նախագահական ընտրություններում այլընտրանքային մասնակցությունն ամեն դեպքում դրականորեն է անդրադառնալու Արցախի վրա: Հաղթանակի դեպքում, իհարկե, ավելի մեծ բարեփոխումներ էինք ակնկալում, բայց ասել ենք, որ եթե անգամ այլընտրանքային թեկնածուն պարտվի, ամեն դեպքում սա դրական ազդեցություն կունենա Արցախի միջազգային իմիջի վրա, և այդ ռեյտինգը պետք է որ բարձրանա: Լավ է որ կազմակերպությունը դա արձանագրել է»,- մեկնաբանեց Մասիս Մայիլյանը:
Հիշեցնենք, որ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է «Ժողովրդավարական բեկումներ հավասարակշռության մեջ» (Democratic Breakthroughs in the Balance) զեկույցը, որտեղ արդեն 11 շարունակ Հայաստանը դասվում է մասամբ ազատ երկրների շարքին։
Այս տարվա զեկույցի հեղինակները առաջընթաց են արձանագրել Լեռնային Ղարաբաղում, որն ընդգրկված էր վիճահարույց տարածքների ցանկում։ Լեռնային Ղարաբաղի քաղաքական իրավունքներին տրվող գնահատականը բարելավվել է՝ 6-ից հասնելով 5-ի, իսկ կարգավիճակը ոչ ազատից դարձել է մասամբ ազատ` հուլիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններին իրական ընդդիմության մասնակցության շնորհիվ: Զեկույցում Արցախը համարվել է մասամբ ազատ երկիր: Հիշեցնենք, որ անցյալ տարի Արցախը դասվել էր անազատ երկրների շարքին:






































