Իսրայելը Գոլանի բարձունքներում, Սիրիայից բաժանման գծում անվտանգության պարիսպ կկառուցի՝ Սինայի թերակղզում վերջերս ներկայացված սահմանային պատի նմանությամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից սահմանային կառույցների անհրաժեշտությունը բխում է Սիրիայում լարված իրավիճակից: Նրա խոսքերով՝ սիրիական կառավարական ուժերը բավականին հեռու են գտնվում սահմանագծից, սակայն բուֆերային գոտում մեծանում է ջիհադի զինվորների ներկայությունը:
Նեթանյահուն նաև նշել է, որ Սիրիայի քիմիական զենքի հետ կապված հարցերում Իսրայելը համագործակցում է ամերիկյան կողմի հետ:
Իսրայելը Գոլանի բարձունքներն օկուպացրել է 1967 թ. 6-օրյա պատերազմի արդյունքում, իսկ 1981 թ. միակողմանի հայտարարել է վիճելի տարածքների անեքսիա, սակայն այդ փաստը միջազգային հանրության կողմից չի ընդունվել: 1974 թ. մայիսի պատերազմից հետո պայմանագիր է ստորագրվել Իսրայելի և Սիրիայի միջև ուժերի բաժանման մասին, որի համաձայն իսրայելական դիրքերից Գոլանի բարձունքների արևելյան հատվածում ստեղծվել է ապառազմականացված գոտի:
Իսրայելցիները սահմանագծին վերջին տարիներին կառուցել են թեթև սահմանապահ կառույցներ և ականապատ տարածքներ: Անցյալ տարվա աշնանն այստեղ մի քանի դեպքեր են գրանցվել, երբ իսրայելական դիրքերից հրաձգային կրակոցներ են ուղղվել սիրիական կողմին:






































