Աթենքում Համահունական մարտական ճակատի կոմունիստական արհմիությունը շաբաթ օրը անցկացրել է բազմահազարանոց ցույց՝ ընդդեմ կառավարության քաղաքականության: Դրան մասնակցել են աշխատավորական կազմակերպությունների հազարավոր ներկայացուցիչներ ամբողջ Հունաստանից՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ լրագրողների՝ Սինթագմա կենտրոնական հրապարակում ցույցին մասնակցում էր մինչև 25 հազար մարդ:
Ակցիայի մասնակիցները առևտրի աշխատակիցներին կոչ են արել կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին, անցկացնել գործադուլ, իսկ նոյեմբերի 27-ին՝ համընդհանուր գործադուլ:
Համահունական մարտական ճակատը, բացի մի շարք պահանջներից, պահանջել է նաև վերականգնել նվազագույն՝ 751 եվրո աշխատավարձը, գործազուրկների համար գործազրկության նպաստը՝ 600 եվրո, նվազագույն կենսաթոշակը՝ 600 եվրո, վերականգնել 13-րդ և 14-րդ աշխատավարձերը, չեղյալ հայտարարել անշարժ գույքի հարկերը և այն հարկերը, որոնք հարվածում են կենսաթոշակին և աշխատավարձին:











































