Այսօր Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները Mitsubishi Motors ավտոմոբիլաշինական կորպորացիայի Տոկիոյի կենտրոնակայանում և կորպորացիայի այլ օբյեկտներում խուզարկություն են անցկացրել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ գերատեսչությունն ընկերությանը պաշտոնական նախազգուշացում էր արել հոսքագծից դուրս բերված մեքենաների թերությունների մասին տեղեկությունները թաքցնելու վերաբերյալ: Ստուգումները կոչված են ցույց տալու՝ կորպորացիան դրանից հետևություններ արե՞լ է:
Պարզվել է մասնավորապես, որ ընկերությունը դեռևս 2005 թվականին իմացել է վառելիքի ցածր ծախսով մեքենաների մի քանի մոդելներում առկա յուղի արտահոսքի մասին, սակայն այդ տեղեկությանն ուշադրություն չի դարձրել և մինչ 2010 թվականի նոյեմբերը չի հայտարարել անվճար վերանորգման նպատակով այդ մեքենաների պաշտոնական հետկանչի մասին:
Ավելի վաղ ընկերությունը արդեն հայտարարել էր այն մասին, որ իշխանություններից թաքցրել է իր ավտոմեքենաների թերությունները և դրանց վերանորոգումն անցկացրել առանց պետական մարմիններին համապատասխան զեկույցի:






































