Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, նախօրեին երկամսյա կալանքի սանկցիա կիրառեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել 2011թ. հունվարի 10-ին հարուցված քրեական գործով` ՀՀ քր.օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Նշված քրեական գործը ՀՔԾ-ում հարուցվել է մի գործի հետ կապված` 2010թ. մայիսի 12-ին, ժամը 22 անց 30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 17-րդ և 19-րդ շենքերի մոտ անհայտ անձի կողմից ապօրինի կերպով պահվող հրազենի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու, Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցված, հետագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննված և ներկայումս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի վարույթում գտնվող քրգործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ:
Ու չնայած Թամամյանն այս գործի նախաքննության շրջանակներում է կալանավորվել, բայց լուրեր են շրջանառվում, որ նրա գործունեության այլ մութ դրվագներ էլ են ջրի երես դուրս գալիս: Օրեր առաջ` մարտի 17-ին, պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Գավառ քաղաքի բնակիչներ Արամ և Արթուր Մարտիրոսյաններին ու Հրաչյա Պետրոսյանին` այն բանի համար, որ նրանք 2009 թվականի նոյեմբերի 5-ին ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող հրազենի գործադրմամբ երեք անձի նկատմամբ կատարել են սպանության փորձ: Մարտի 14-ին Մարտիրոսյանները և Հրաչյա Պետրոսյանը կալանավորվել էին:
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` նրանք ինքնաձիգով կրակահերթ էին արձակել մի ավտոմեքենայի վրա, որի մեջ նստած հացի փռի Կոկոյի տղան ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել, ինչից հետո հարձակվողները դիմել էին փախուստի: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, բայց նրանցից մեկը Թամամյանի հովանավորությամբ այդպես էլ չէր բռնվել, իսկ ավելի ուշ Գավառի ոստիկանություն ներկայանալուց հետո «ջրվել էր» գործը:
Բայց այս կրակոցների գործն էլ, ըստ որոշ աղբյուրների, կարող է վրեժխնդրության դրսևորում լինել և կապ ունենալ մեկ այլ սպանության հետ. խոսքը 2009-ի հունիսի 20-ի դեպքի մասին է: Այդ օրը` ժամը 22.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող, «Ալիկ» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող, «Պալի Անդո» մականունով 44-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը ծեծել էր ՌԴ քաղաքացի, 25-ամյա Իլյա Ղ.-ին, ով դեմքի վնասվածքներով տեղափոխվել էր Գավառի հիվանդանոց, սակայն հայտարարել էր, որ դրանք ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Իլյա Ղ.-ն բուժօգնություն ստանալուց հետո` հունիսի 22-ին մեկնել էր Մոսկվա, իսկ հաջորդ օրը ընկերների` ՌԴ քաղաքացիներ` 27-ամյա Ավեդիս Ս.-ի և Արթուր Ղ.-ի հետ, Անդրանիկ Մարտիրոսյանից վրեժխնդիր լինելու նպատակով, վերադարձել էր Հայաստան: Վերջիններս ՀՀ քաղաքացի, 33-ամյա Ռոբերտ Խ.-ի հետ միասին, 27-ամյա Արման Հ.-ի և 22-ամյա Կարեն Ա.-ի ավտոմեքենաներով ու նրանց ուղեկցությամբ, մեկնել էին Գավառ: Անդրանիկ Մարտիրոսյանին պատկանող շուկայում Իլյա Ղ.-ն, Ավեդիս Ս.-ն, Արթուր Ղ.-ն և Ռոբերտ Խ.-ն մահակներով ծեծի էին ենթարկել Անդրանիկ Մարտիրոսյանին: Բացի այդ, Իլյա Ղ.-ն ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով դիտավորությամբ կրակոց էր արձակել Անդրանիկ Մարտիրոսյանի ձախ ոտքին, ինչից հետո նրանք դիմել էին փախուստի:
Ա.Մարտիրոսյանը օգնության համար բուժհիմնարկներ չէր դիմել և ժամեր անց, անգիտակից վիճակում տեղափոխվել էր Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոն` «ձախ ազդրի հրազենային վնասվածք, ձախ ազդրի միջին երրորդական բեկորային կոտրվածք, տրավմատիկ 2-րդ և 3-րդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ, որտեղ էլ հունիսի 25-ին, ժամը 01.00-ին, գիտակցության չգալով մահացել էր: Պալի Անդոյի վրա հարձակվողներից երկուսը` Արման Հ.-ն և Կարեն Ա.-ն, ստորագրությամբ բաց էին թողնվել, իսկ մնացածին չէին հայտնաբերել:
Հայտնի չէ, հետագայում, ի վերջո, նրանց կալանավորե՞լ էին, թե՞ ոչ: Բայց չի բացառվում, որ նրանց հայտնաբերելու գործը ստանձնած են եղել Պալի Անդոյի որդիները` Արամն ու Արթուրը: Մարտիրոսյաններն, ի դեպ, Գավառում տաքսի ծառայություն ունեն, շուկա, ռեստորան, գազալցակայան:
Ի դեպ, եթե Հովիկ Թամամյանին առաջադրված մեղադրանքը հաստատվի` նրան կսպառնա ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Ժամանակ» օրաթերթ










































