ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը պահանջելու է, որ Հովհաննես Թամամյանի գործը լինի թափանցիկ և որևէ առումով չնսեմացվի մարդկային արժանապատվությունը: «Առաջին լրատվականի» հետ զրույցում Ալավերդյանը նշեց, որ ժամանակին ինքը ուժային կառույցներում աշխատողներին միշտ ասել է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանել, որովհետև ոչ ոք չգիտի, թե իր հետ հետագայում ինչ կլինի:
«Որպես բարոյախոսություն ասեմ, որ բոլոր այսօրվա անօրինականություն գործողները պետք է հիշեն, որ այդպես միշտ չի լինելու, և երբ մենք պահանջում ենք, որ օրենքի առջև բոլորը հավասար լինեն, նկատի ունենք, որ մի օր էլ նրանց հանդեպ նման դեպքեր կլինեն: Այն անօրինականությունները և ճնշումները, որն իրականացնում են այսօրվա ուժայինները, կարող է մի օր կիրառվեն նաև նրանց դեմ»,- ասաց Ալավերդյանը:
Պատգամավորի գնահատմամբ, Թամամյանը ներքին ինչ-որ պայմանավորվածությունների կամ խաղի կանոնների խախտման համար է պատժվում, իսկ նրա արարքը պարզապես առիթ էր:
Լարիսա Ալավերդյանը նշեց, թե ափսոսում է, որ տարրական իրավունքների ոտնահարման դեպքում, զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության վերաբերմունքը ժամանակին չի արժանանում պարսավանքի և ենթարկվում պատասխանատվության, այլ սպասում են, որ ինչ-որ արտառոց դեպք տեղի ունենա, որ նոր կանչեն պատասխանատվության: