Սիրիայում զինված ընդդիմության գրոհայիններն ականանետային հարձակման են ենթարկել Դամասկոսի առևտրային կենտրոնը: Ոստիկանության տվյալներով՝ արկերը պայթել են Սալհիա փողոցում և Շաալյան հրապարակում, երկու սրճարանների և կինոթատրոնի մոտ: Զոհվել է 2 մարդ, ավելի քան 20-ը ստացել են բեկորային վնասվածքներ: Նրանց թվում կան կանայք և երեխաներ, ովքեր գնումներ էին կատարում ուսումնական տարվա նախաշեմին: Ուսումնական տարին Սիրիայում սկսվում է սեպտեմբերի 13-ին:
Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մի քանի վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Հալեպում ականանետային կրակը 3 մարդու կյանք է խլել: Եվս 9-ը վիրավոր են: Սիրիական ռազմաօդային ուժերի ուժգին ավիահարվածները ստիպել են «Իսլամական պետության» մոջահեդներին իրենց ուժերը դուրս բերել Ալ-Բեբ քաղաքից, որը գտնվում է Հալեպից 60 կմ հյուսիս: Այս մասին հայտնում է «Ալ-Մանար» հեռուստակայանը:








































