Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության նոր փաթեթը, որը նրանց հարաբերությունները տանում է մի նոր մակարդակի, փաստորեն համաձայնեցվել է դաշինքի անդամ բոլոր պետությունների հետ, հայտարարել է պաշտպանության նախարար Իրակի Ալասանիան վրացի լրագրողներին՝ մեկնաբանելով Հարավային Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովը։
«Համագործակցության նոր փաթեթը նախատեսում է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ մարզական բազայի բացում, որտեղ տեղի կունենա ինչպես դաշինքի, այնպես էլ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողների նախապատրաստումը»,- հինգշաբթի Ալասանիայի հայտարարությունը մեջբերում է «Նորություններ. Վրաստան» գործակալությունը։
ՆԱՏՕ-ն նաև համաձայնել է «Վրաստանին աջակցել պաշտպանական սպառազինությունների ձեռքբերման և մատակարարումների հարցերում», հավելել է նախարարը։ Դրանից բացի, նրա խոսքերով, «Վրաստանի պաշտպանության նախարարությանը և զինված ուժերի հրամանատարությանը կից կաշխատի ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետների խումբը, որը կհամակարգի պայմանավորվածությունների կատարումը համագործակցության նոր փաթեթի շրջանակներում»։










































