ԱՄԷ-ն միջազգային հանրությանը կոչ է արել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի միասնական ռազմավարություն մշակել: Այս մասին հայտնում է էմիրաթական WAM տեղեկատվական գործակալությունը:
«Ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և փորձում է ծուղակը գցել մարդկանց ամբողջ աշխարհից, ուստի միջազգային հանրությունը պետք է միասնական ռազմավարությամբ արձագանքման մեխանիզմ ստեղծի այդ երևույթով բոլոր մակարդակներով զբաղվելու համար»,- ասվում է ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄԷ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջազգային և տարածաշրջանային ջանքերին ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի համար՝ հենվելով ՄԱԿ-ի որոշումների և միջազգային իրավունքի նորմերի վրա: Ըստ հայտարարության՝ «Իսլամական պետությունը», «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ալ-Քաիդան» և այլ ծայրահեղական կազմակերպություններ պատասխանատու են Իրաքում, Սիրիայում և այլ արաբական ու իսլամական երկրներում, ինչպես՝ Եմենում, Սոմալիում, Լիբիայում ու Աֆղանստանում մարդու իրավունքների «վտանգավոր խախտումների» համար: Հայտարարությունն արվել է Ուելսում ՆԱՏՕ-ի 2-օրյա գագաթնաժողովին ԱՄԷ-ի մասնակցությունից առաջ, որը տեղի կունենա հինգշաբթի օրը:







































