«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քվեաթերթիկն այն միակ ապրանքն է, որը հանվում է վաճառքի՝ առանց արտոնագրման անհրաժեշտության։
Մարկ ՏՎԵՆ
– Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի քաղաքական դաշտում ԲՀԿ-ի՝ նախընտրական պայքարից դուրս գալով։ Ինչպիսի՞ քաղաքական դաշտ ունեցանք արդյունքում։
– Բավական երկար ժամանակ վարվում էր կուլիսային քաղաքականություն՝ նկատի ունեմ մի կողմից պրն Ծառուկյանի և հանրապետականների միջև ընթացող պայմանավորվածությունների կամ ոչ պայմանավորվածությունների ճնշումների համակարգը, մյուս կողմից՝ պրն Ծառուկյանի կողմից արտաքին շուկայում պարզելու այն փորձերը, թե ինչպես կընդունվի իր մասնակցությունը կամ չմասնակցելն այս պայքարին։ Ինչպես երևում է, նա որոշում է կայացրել, որ ընտրություններին չմասնակցելն ավելի ձեռնտու է իրեն։ Ես տեսնում եմ նրա որոշման մի քանի բաղադրիչները։ Նախ՝ ընտրությունները պահանջում են մեծ ֆինանսներ. ըստ ամենայնի՝ նրան չի հաջողվել լուրջ հովանավորներ գտնել արտաքին շուկայում։ Երկրորդ, պրն Ծառուկյանի կուսակցությունն այնքան լավ չէ հարմարեցված հրապարակային քաղաքականությանը։ Մի բան է փորձել ինչ-որ բանի հասնել ընտրողներին ներգրավելու ճանապարհով, այլ բան է լուրջ արմատական հռետորաբանությունը, կոշտ պայքարը, կոմպրոմատների պատրաստ լինելը։ Իսկ որ կոմպրոմատ լինելու է, պրն Ծառուկյանին ազդանշան տրվել էր։ Ընդհանրապես, գաղափարախոսությունը, որպես պայքարի գործիք, այնքան էլ ծառուկյանական չէ։ Երրորդ, թերևս, նրան ինչ-որ պայմաններ առաջարկվել են, կամ նա հաշվարկել է, որ ավելի լավ է հիմա դա չանել՝ փետրվարին իշխանության ինչ-որ բաժին ստանալու ակնկալիքով։ Այնքան էլ վստահ չեմ, որ դա ճիշտ էր. «Բարգավաճ Հայաստանը» լուրջ իմիջային կորուստ կունենա։ ԲՀԿ-ն ուներ Հայաստանում երկկուսակցական համակարգի պես համակարգ ձևավորելու և երկրի քաղաքական կառուցվածքում լուրջ տեղ զբաղեցնելու հնարավորություն, իսկ այսօր այդ հնարավորությունը շատ ավելի փոքր է։
– Պրն Իսկանդարյան, այս որոշումն ընդունելու, հրապարակելու շարժիչը ճնշո՞ւմն է։
– Չեմ կարծում, թե ատրճանակ են պահել գլխին, բայց ցանկացած քաղաքականություն այդպես է՝ մարդիկ համեմատում են, թե ինչ են կորցնում, ինչ են ձեռք բերում։ Ճնշում բառը չափազանց խիստ է ասված։ Մարդն ինքն է որոշել. նա կարող էր մասնակցել ընտրություններին, բայց, հավանաբար որոշել է, որ դա այնքան էլ լավ չէ իր համար։
– Փաստորեն, ԲՀԿ-ն ասաց, որ չի մասնակցում ընտրությանը և չի սատարելու որևէ թեկնածուի՝ այն դեպքում, երբ թեկնածուները դեռ հայտնի չեն։ Սա արդյո՞ք նշանակում է, որ գոնե մինչև նախագահական ընտրությունների ավարտը ԲՀԿ-ն՝ որպես գործոն չի լինելու քաղաքական դաշտում։
– Ակնհայտ է, որ այսօր գործող նախագահի միակ լուրջ մրցակիցը Գագիկ Ծառուկյանն էր։ Սա բոլորովին չի նշանակում, թե նա հաղթելու էր, բայց կարող էր բավական ձայներ հավաքել։ Գուցե երկրորդ փուլ լիներ, ինչը միայն Գ. Ծառուկյանը կարող էր անել։ Ընտրությունների արդյունքն արդեն կանխորոշված է։
– Ընտրություններով կյանքը չի ավարտվում. հետընտրական ժամանակաշրջանում ո՞րն է ԲՀԿ-ի տեղը Հայաստանի քաղաքական դաշտում։
– Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Վախենում եմ, որ մենք չենք ունենա լուրջ թեկնածուներ, բայց կլինեն նախընտրական պայքար և մրցակցություն թեկնածուների միջև, պահպանվում է ինտրիգը ՀԱԿ-ի շուրջ, տեսնենք, թե իրենց ինչպես կպահեն դաշնակցականները, մարդիկ կհավաքեն 7, թե՞ 15 տոկոս ձայն, իշխանությունները կվերցնեն 80 (չէ՞ որ նրանք ի զորու են դրան), թե՞ 60 տոկոսը։ Համաշխարհային հանրությունն էլ (օրինակ՝ ԵԱՀԿ-ը), դատելով մի քանի հայտարարություններից, պատրաստվում է սևեռուն հետևել մեր ընտրություններին։ Ի՞նչ հայտարարություններ կլինեն ընտրություններից հետո, և արդյոք բոլոր թեկնածուներն իրար ձեռք կսեղմեն, թե՞ մեկնումեկը կասի՝ դուք սրիկաներ եք, ես իրականում 80 տոկոս եմ հավաքել, իսկ ինձ տվել եք 10 տոկոսը։ Եվ այս ամենի արդյունքում կտեսնենք, թե ինչպես կդասավորվի քաղաքական դաշտը։ Մոռացա ամենակարևորը՝ մեծ քեռիները կհամարե՞ն, արդյոք, որ մենք մեզ լավ ենք պահել, և կլինե՞ն այն վարկերը, որոնց մասին հիմա խոսվում է Բրյուսելում, Վաշինգտոնում ու ամենուր։ Իսկ սա շատ կարևոր է Հայաստանի համար։ Այս ամենը դեռ առջևում է, բայց այն, որ ԲՀԿ-ն իր գրավներն իջեցրեց… Չգիտեմ, թե ինչ է կատարվել Ծառուկյանի հետ՝ գուցե նա իր գրավներն ինչ-որ կերպ բարձրացրել է։
– Այս որոշումով ԲՀԿ-ն իր ռեսուրսը փրկելու խնդիր լուծե՞ց։
– «Բարգավաճ Հայաստանն», անշուշտ, մի լիդերի կուսակցություն է, բայց Գագիկ Ծառուկյանի շահերը և կուսակցության շահերը փոքր-ինչ տարբեր բաներ են։
– Այդ պայմանավորվածությունը դասալքությո՞ւն էր։
– Սա Հայաստանում կուսակցական համակարգի, մասնավորապես՝ ԲՀԿ-ի վատ զարգացածության ցուցանիշ է։ Քանի դեռ անհատն անձամբ չի ասում ու չի կարգադրում, մեխանիզմները չեն աշխատում։
– Մինչ այդ ԲՀԿ-ն ներկայացվում էր որպես Եվրասիական միության շարժիչ ուժը Հայաստանում, բայց 24 ժամում տեսանք, որ ոչինչ չկա։ Ի՞նչ կատարվեց այդ գաղափարի հետ և ովքե՞ր են դրանով զբաղվելու։
– Ես թերահավատորեն եմ վերաբերվում այն ամենին, ինչ ասվում է Հայաստանում Եվրասիական միության, եվրասիական գաղափարի մասին։ Սովորաբար, այդ մասին խոսողներն այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում դրա շուրջ հենց Մոսկվայում, և թե այն ինչպես կարող է անդրադառնալ կամ չանդրադառնալ Հայաստանի վրա։ Երեկ եմ վերադարձել Մինսկից, որտեղ մեծ քաղաքագիտական հանդիպում էր, որին մասնակցում էին նաև ռուսաստանցի պատգամավորներ։ Բոլոր քննարկումների կենտրոնում եվրասիական պրոյեկտն էր։ Այս նախագիծը բավական հում վիճակում է։ Դրա հետ կապված լուրջ պրոբլեմներ կան, օրինակ, Բելառուսի, էլ ավելի լուրջ պրոբլեմներ՝ Ղազախստանի հետ։ Էլ առավել լուրջ պրոբլեմներ կան բուն Մոսկվայում։ Ռուսաստանը դրա համար ռեսուրսներ չունի։ Չունի նաև լուրջ մտադրություններ։ Մամուլում այդ գաղափարի արծարծումն ուղղակի հետխորհրդային էլիտաների լոյալությունն ստուգելու միջոց է՝ լակմուս։ Հայաստանում տեղի ունեցողը նախընտրական պայքար է, և հայ քաղաքական դաշտը շատ քիչ կապ ունի իրական Մոսկվայի հետ, որտեղ հիմա շատ լուրջ իրավիճակ է, և որը Հայաստանի ժամանակը չունի։








































