Հյուսիսային Կորեայի պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչը պահանջել է Մեծ Բրիտանիայից՝ հրաժարվել «Հյուսիսային Կորեայի արժանապատվությունը վիրավորող» ֆիլմի ցուցադրությունից, հայտնում է ITAR-TASS-ը:
Գործակալության տեղեկություններով՝ լայն հանրությանը ֆիլմը ցուցադրելու պատրաստակամություն է հայտնել բրիտանական չորրորդ հեռուստաալիքը:
Կինոֆիլմի հեղինակը, ինչպես նշվում է Պետկոմիտեի հայտարարության մեջ, «դիտավորյալ ոչ իրական լույսի ներքո է ներկայացնում Հյուսիսային Կորեայի իրավիճակը՝ օգտագործելով բամբասանքները»:
Փխենյանի վրդովմունքը հարուցել է այն հանգամանքը, որ դատելով ֆիլմի սցենարից՝ Հյուսիսային Կորեան ստեղծել է միջուկային զենք «անօրինական կերպով ստացված միջուկային տեխնոլոգիայի օգնությամբ»:
Կոմիտեում ափսոսանք են հայտնել այն առնչությամբ, որ «տվյալ դեպքում Բրիտանիան կուրորեն պատճենում է ամերիկյան դիվանագիտության ոճը»՝ սպառնալիքի ենթարկելով Փխենյանի ու Լոնդոնի միջև դժվարությամբ հաստատված դիվանագիտական հարաբերությունները:







































