Royal Dutch Shell ընկերությունն Արկտիկայում նավթի արդյունահանման ծրագիր է ներկայացրել Վաշինգտոնին, գրում է The New York Times-ը: Նշվում է, որ եկող ամառ այդ շրջանում արդյունահանման աշխատանքներ սկսելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել:
Shell-ի ծրագիրն արտացոլում է Արկտիկայի էներգետիկ ներուժը, ասվում է հոդվածում: Մասնավորապես, ընկերությունը քննարկում է Չուկոտյան ծովում հորատման 2 հարթակների միաժամանակյա աշխատանքի տարբերակը, որոնք կարող են օրական ավելի քան 400 000 բարել նավթ արտադրել:
Ըստ թերթի՝ Shell-ի ծրագրերը կարող են հարուցել էկոլոգիական կազմակերպությունների քննադատությունը, որոնք կարծում են, որ նավթի արդյունահանումն Արկտիկայում վտանգ է ներկայացնում: Արդեն մի քանի էկոլոգիական խմբեր հայտարարել են, որ հանդես կգան Shell-ի նոր ծրագրի դեմ, և չեն բացառել դատարան դիմելու հավանականությունը, եթե ընկերությունը ստանա ԱՄՆ կառավարության հավանությունը:









































