Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, բակերի, զբոսայգիների և մարդաշատ այլ վայրերի մաքրման և մշտական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ սանմաքրման և ախտահանման համալիր աշխատանքներ են տարվում բամաբնակարան բնակելի շենքերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տարվող աշխատանքները բավարար և գոհացուցիչ չհամարելով, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները պահել խսիտ հսկողության տակ:
«Մեր համաքաղաքացիների արդարացի պահանջն է մաքուր քաղաք ունենալը, որին հասնելու համար անհրաժեշտ է, որ սանմաքրման ձեռնարկություններն առավել ակտիվ և արդյունավետ աշխատեն: Այստեղ մեծ անելիք ունեն վարչական շրջանների ղեկավարները: Անձամբ այցելեք սանմաքրման ձեռնարկություններ և տեղում պարզեք թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկեք դրանք շտկելու ուղղությամբ: Հատկապես ուշադրություն դարձրեք աղբահանությունն իրականացնող մեքենաների տեխնիկական վիճակին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են սիզամարգերի խնամքի աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվում կրթամշակութային և առողջապահական հաստատությունների կողմից իրենց հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը: Նշվել է նաև, որ աշխատանքներ են տարվում 2015 թվականին կանաչ տարածքների ընդլայնման հնարավոր վայրերի գույքագրման, ինչպես նաև անտառային շերտի վերականգնման ծրագրերի մշակման ուղղությամբ:











































