Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն անդրադարձ է կատարել լիբիական խնդրին.
«Լիբիայի նկատմամբ միջազգային ռազմական միջամտությունը կարող է ձգձգվել շաբաթներով: Ֆրանսիան կշարունակի ավիահարվածներ հասցնել Քադաֆիի զորքերի ռազմական օբյեկտներին այնքան ժամանակ, ինչքան կպահանջի իրավիճակը:
Մեր թիրախը միայն դրանք են, ուրիշ ոչինչ: Գործնականում մեզ հաջողվել է չեզոքացնել Քադաֆիի ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանությունը: Սա պետք է դաս դառնա Քադաֆիի նման բռնապետական ռեժիմ ունեցող Սիրիայի և Սաուդյան Արաբիայի համար»:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց Լիբիայի նկատմամբ օտարերկրյա ռազմական միջամտություն նախատեսող բանաձևը, ինչից երկու օր անց էլ սկսվեց արևմտյան երկրներից բաղկացած կոալիցիայի ռազմական միջամտությունը, որը Քադաֆին որակեց որպես «երկրորդ խաչակրաց արշավանք»: