«Այսօր դատական իշխանության համակարգում աշխատավարձն ավելի բարձր է, քան գործադիր և օրենսդիր իշխանություններում: Առաջին ատյանի դատավորը ստանում է ավելի շատ, քան պատգամավորը կամ նախարարը: Կան 1 միլիոնից ավելի ստացող դատավորներ, իսկ նորանշանակ դատավորները 300 հզ. դրամ են ստանում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ բարձր աշխատավարձը կոռուպցիոն ռիսկերը բացառելու տեսակետից կարևոր է, բայց միակ պայմանը չէ:
Նախարարը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծերը, որով կարգավորվում են դեռ կենսաթոշակի տարիքը չլրացած դատավորների առողջական խնդիրներով կենսաթոշակի անցնելու դեպքում նրանց կենսաթոշակային խնդիրները: Առաջարկվում է 10 տարի դատավոր աշխատած անձի կենսաթոշակի անցնելու դեպքում թոշակ տալ վերջին 1 տարում աշխատավարձի 55%-ի չափով: Ըստ Թովմասյանի` այս պայմաններով կենսաթոշակի կգնան 7-8 դատավորներ:








































