Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ բյուջեի շուրջ քննարկումները շահագրգիռ էին: Ըստ նրա՝ հաջորդ տարվա բյուջեում եկամուտները կանխատեսումներն են, այդ մասով կա նաև ռիսկերի գնահատում, և պատրաստ են ավելի մանրակրկիտ քննարկել, թե կանխատեսումների հիմքում ինչ հաշվարկներ են ընկած: Նա համաձայնեց, որ ծախսերը պետք է լինեն առավել արդյունավետ, և միջոցների փոշիացում չի կարելի թույլ տալ:
Տ. Սարգսյանը հայտարարեց, թե երկրի կայուն զարգացման ծրագրի նախագիծը պատրաստ է, և պատգամավորների առաջարկությունները համահունչ են դրան: Ըստ ծրագրի՝ մինչև 2025թ. թիրախավորվում է 250 հզ. աշխատատեղերի ստեղծում ոչ գյուղական ոլորտներում:
Վարչապետի խոսքով՝ հնարավոր չէ դեֆիցիտն ավելացնել և չավելացնել արտաքին պարտքը:
«Դպրոցաշինությունը մի խնդիր է, որ 405 առաջարկների մեջ մեծ տեսակարար կշիռ ուներ և առաջնահերթ լուծման կարիք ունի: Այս պահի դրությամբ մոտ 300 դպրոցի խնդիր ունենք, այս ուղղությամբ պետք է լուրջ ներդրումներ կատարենք, և 500 մլն դոլար է պետք: Այս պահին միայն 85 դպրոցներում ընթացիկ աշխատանքներ են իրականացվում: Պատրաստել ենք դոնորների կոնֆերանսի համար մեծ փաթեթ, և դոնորների հետ աշխատանքի շնորհիվ փորձելու ենք այդ հարցը լուծել»,- ասաց Տ. Սարգսյանը:











































