Ավստրալիայում ստեղծվել է մի կառույց՝ Սիրիահայերի օժանդակության կենտրոն, որի կազմի մեջ են մտնում այնտեղի երեք եկեղեցիներ՝ Հայ Կաթողիկե, Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցին: Կառույցի կազմում են նաև 3 կուսակցություններ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական և Ռամկավար-ազատական կուսակցությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառույցի քարտուղար, Ավստրալիայի Հայ դատի ներկայացուցիչ Հայկ Լեփեջյանը: Վերջինս նշեց նաև, որկառույցն արդեն երկու ամիս է գործում է, սիրիահայերի օժանդակության համար գումար որոշ չափով հավաքել են, բայց դեռ չեն փոխանցել.
«Այս կառույցի նպատակն է օգնել սիրահայությանը: Պատերազմի պատճառով նրանք հայտնվել են անելանելի իրավիճակում: Մենք որոշ գումար հավաքագրած արդեն ունենք, բայց դեռ չենք փոխանցել: Հեշտ չէ այնտեղ գումար փոխանցելը: Եվ բացի դժվար լինելուց, նաև անվտանգ չէ: Հիմա փնտրում ենք մի մարդ կամ մի մարմին, որը կկատարի նաև այդ փոխանցումները: Իսկ այստեղ մենք կոչ ենք արել ավստրալիահայ գաղութին իրենց աջակցությունն ունենալ հայանպաստ այս գործին: Նրանք էլ՝ ամեն մեկն իր ուժերի ներածին չափով օգնում է:
Նշեմ նաև, որ նախկինում Հայ առաքելական եկեղեցին, այստեղի բարեգործներն իրենց օգնությունը ցուցաբերել են հայ համայնքին, բայց որպես կառույց սա Ավստրալիայում առաջինն է: Առաջիկայում՝ դեկտեմբերի 10-ին նախատեսում ենք կազմակերպել ճաշկերույթ, հրավիրել այստեղի հայերին, որպեսզի ներկայացնենք սիրիահայերի խնդիրները, և նրանք էլ,համոզված եմ, կցուցաբերեն իրենց աջակցությունը»:







































