Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ քվեարկության է ներկայացրել բանաձևի նախագիծ՝ Գազայի հատվածում բռնության դադարեցման պահանջով և հակամարտող կողմերի միջև մերձավորարևելյան խնդրի կարգավորման նպատակով բանակցությունների անցկացման կոչով: Այս մասին հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի ԱԽ-ն վերջին մեկ օրում արդեն երկրորդ հանդիպումն է անցկացնում Գազայի հատվածի հարցով: Պաղեստինցիների հրթիռային հարվածներին ի պատասխան՝ Իսրայելը նոյեմբերի 14-ին պաղեստինյան անկլավում սկսել է «Ամպի սյուն» ռազմական օպերացիան՝ Գազան վերահսկող ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների դեմ:
Վերջին տվյալներով՝ հրթիռակոծումների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցում է 100-ը:
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ ԱԽ-ն պետք է «լուրջ մտահոգություն արտահայտի վտանգավոր շիկացման և Գազայի ներսում ու շուրջը իրադրության կտրուկ վատթարացման վերաբերյալ, հատկապես, կապված քաղաքացիական բնակչության շարքերում ծանր կորուստների և մարդասիրական իրավիճակի վատթարացման հետ»:
Բանաձևի տեքստից բացառվել են իսրայեցիների և պաղեստինցիների հասցեին ուղղված մեղադրանքները:
Երկուշաբթի ՄԱԿ-ի ԱԽՆ-ն Ռուսաստանի նախաձեռնութամբ հավաքվել էր Գազայի հատվածում իրադրության քննարկման համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ԱԽ անդամները արդեն պատրաստ էին միասնական դիրքորոշում ընդունելուն, սակայն մեկ երկիր արգելափակել է համատեղ հայտարարության ընդունումը:
Թեև ռուս դիվանագետը ուղիղ չի ասել, թե որ երկիրն է, այնուամենայնիվ, փաստացի հասկացնել է տվել, որ դա ԱՄՆ-ն է:








































