ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովում Պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, դիմելով նիստը վարող ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին` նշեց, որ ցանկանում է իր տեսակետը ներկայացնել: «Կարծում եմ` համակարգն էնքան խրթին վիճակի մեջ եք դրել, ես չգիտեմ` իրականում ինչ նպատակ է հետապնդում ժամկետի փոքրացումը: Էստեղ պետք է բացառությունների շարք մտցվի: Երբ ասում եք, որ ամեն տարի գոնե մեկ անգամ թոշակառուն պարտավոր է գալ, դա նշանակում է` եթե 400 հազար պիտի ստանար, էս դեպքում էդ գումարով ընդամենը տոմսի գումարն է փակելու, սա տրամաբանական չէ: Ի վերջո, մարդիկ արարել են, ստեղծել, նպաստել երկրի զարգացմանը, և լավ կյանքից չէ, որ դրսում են: Հիմա` զրկել էդ հնարավորությունից, երբ թոշակային տարիքում են, դրսում են, ճիշտ չէ»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ ճանաչում է հաշմանդամի, ում ոտքը կտրված է, սակայն ով կարողանում է չնչին միջոցներով իր ընտանիքը դրսում պահել: Պատգամավորը զարմանքով նկատեց` հիմա այդ անձը տարին մեկ պետք է գա Հայաստա՞ն` թոշակը ստանալու համար: Սարգսյանը նշեց, որ գոնե երեք տարով պետք է այդ շեմը պահել, չէ՞ որ դրանք մեր երկրի քաղաքացիներն են: Նա հիշեցրեց` ժամանակին աշխատում էր դեսպանատնից տեղեկանքը, որ մարդն ապրում է դրսում, գրանցված չէ, թոշակ չի ստանում, այստեղ լիազորագրով թոշակառուի հարազատներից ինչ-որ մեկը ստանում էր այդ գումարը: «Լավ, օրինագիծը կարող է` ինչ-որ հարցեր լուծում է, բայց կոնկրետ էդ մարդկանց շահերը ոտնահարվում են, նրանք մնում են ՀՀ քաղաքացիներ, բայց ապրում են դրսում: Դուք չե՞ք գտնում, որ գոնե հատուկ խմբեր պիտի նշել, որոնք ինչ-որ արտոնություններ ունենան ժամանակային առումով»,- հետաքրքրվեց նա:
«Մենք էդպես էլ արել ենք, եթե լավ ուսումնասիրեիք…»,- նկատեց Հակոբյանը: Սարգսյանը խոստովանեց. «Չեմ ուսումնասիրել»: Հակոբյանը նրա անկեղծությունը գնահատեց, ապա նշեց, որ իրենք նախկին օրենքից բավական առաջ են գնացել, նախկինում ասում էին` կենսաթոշակ ստանալու համար տեղեկանք է պետք, որ որևէ այլ երկրում նպաստ կամ թոշակ չեն ստանում, հիմա հանեցին դա և ասում են` եթե կարող են իրենց շնորհքով արտերկրում գումար աշխատել, ճիշտ են անում: «Մեկ տարին էլ է նույնը, երեքն էլ, եթե խոսքը բարոյականության մասին է»,- ասաց նա: Սարգսյանն ընդհատեց նր խոսքը` նշելով, որ ինքը նման ձևակերպում չի տվել: Հակոբյանը հստակեցրեց` ասում է պարզապես` եթե սահմանափակում են դնում, երկու տարբերակն էլ նույնն է:
«Մեր օրենքի նախագիծը չի քննարկվում սահմանափակման համար, քննարկվում է սահմանափակում չունենալու համար: Մեր տրամաբանությունը գործող օրենքում հետևյալն է: Այո, խնդիր կա, որոշակի խմբերի ասում ենք… Ես սպասում էի ավելի շատ, բայց ընդամենը տասը հազար մարդու մասին ենք խոսում, ում վրա տարածվում է սահմանափակումը: Այն ՀՀ ոչ մի քաղաքացու վրա չի տարածվում, պարտադրանք չկա, իրավունքի սահմանափակում չկա, քաղաքացին ինքն է որոշում ինչպես վարվել»,- ասաց նա:










































