Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 90 հասցեի այգում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում. սկսել են ցանկապատից: Աշխատանքների կատարմանը հետևում են բազմաթիվ ոստիկաններ:
Տարածքի բնակիչները չեն հավատում, որ նոր այգին են կառուցելու, ասում են՝ Սունդուկյան փողոցում նախադեպեր կան, երբ այգիները ապամոնտաժվում են, տարածքը զավթվում է և դրանց փոխարեն սրճարաններ են կառուցվում:
Բողոքող բնակիչներին այսօր միացել էին նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը: Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ երեկվա դրությամբ նույնիսկ ավագանին տեղյակ չի եղել այս գործընթացից:
Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Սունդուկյան 90 շենքի հետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր «բարեկարգման» նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով: Բնակիչները ուզում են նաև երաշխավորագիր ունենալ, որ իրենց տարածքի այգում ոչ մի ծառ չի հատվելու, կանաչ տարածքը չի ապամոնտաժվելու և այգում երկու կողմից պարիսպ է լինելու:
Նշենք, որ ապամոնտաժման աշխատանքներին հետևում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
Բնակիչներին էր միացել նաև «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը: