ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հաճախակիացած դիվերսիոն հարձակումների դեպքերն ու ստեղծված անհանգիստ վիճակը Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պայմանավորում է հակառակորդ կողմի այն ագրեսիայով, որն առավել ցայտուն դարձավ վերջին օրերի ընթացքում. «Բայց դրանով ռազմավարական նախաձեռնությունը չի փոխում արմատապես իրավիճակը սահմաններում, նույն ձև, ինչպես եղել է մեկ տարի, յոթ տարի, տասը տարի առաջ, նույն կերպ կանգնած են մեր դիրքերը, իրենց դիրքերը, հետևաբար նման խախտումները միայն վատթարացնում են իրավիճակը, լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և երկրի վարկանիշին: Բայց այդ խախտումների օրերն ունեն որոշակի համաչափություն: Հիմնականում նրանք խախտում են զինադադարի ռեժիմը, երբ որ տարածաշրջան են այցելում համանախագահները, կամ այցելությունից մի քանի օր առաջ, հետո այցելության ժամանակ կամ այցելությունից հետո: Բացի այդ, կարևոր օրերի ժամանակ, հատկապես հայոց պատմությանը վերաբերող կարևորագույն տոների ժամանակ նրանց կողմից իրենց այդ ագրեսիան նկատելի է, որով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր լկտի պահվածքը»,- նշել է Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս դիմել է համանախագահող երկրներին՝ ստեղծված իրավիճակը ուշադրության կենտրոնում պահելու և հակառակորդի գործողությունները վերահսկելու նպատակով. «Իհարկե համանախագահները դրական են արձագանքել, դա կարևոր համարել, բայց Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքել, այլ խախտում է ու իր մոտեցումները ցույց տալիս ամբողջ աշխարհին: Կարծում եմ, որ ժամանակն է արդեն, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի, մենք միշտ ասում ենք դրա մասին, բայց դժբախտաբար բան չենք տեսնում: Պետք է ավելի կոշտ քայլերով, ագրեսիվորեն սանձազերծել»,- նշել է Բակո Սահակյանի մամլո խոսնակը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում










































