«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Կարեն Բոթոյանը կառավարության ճնշման արդյունքում է կողմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին: Հիշեցնենք, որ երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես առաջ Կ. Բոթոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ինքը ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, քանի որ ցանկանում է «կողմ» քվեարկել կառավարության ծրագրին, մինչդեռ խմբակցությունը որոշել է ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը:
Որոշ տեղեկությունների համաձայն` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հանդիպել է Կ. Բոթոյանի հետ և նրան կարգադրել է «կողմ» քվեարկել՝ սպառնալով, որ հակառակ պարագայում ստուգումներ կանցկացնի նրան պատկանող ընկերություններում: Իսկ Կ. Բոթոյանին է պատկանում հայտնի «Եվրոպա» հյուրանոցը և մի շարք այլ բիզնեսներ, որոնք նվեր է ստացել աներոջից՝ հայտնի շինանյութի Սերգեյից: Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն` վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Գ. Խաչատրյանը նույն խնդրով հանդիպել են նաև շինանյութի Սերգեյի հետ և նրան էլ հորդորել են ստիպել փեսային կողմ քվեարկել կառավարության ծրագրին՝ զգուշացնելով, թե հակառակ պարագայում կստուգեն նաև նրա բիզնեսները: Հավանաբար հենց այդ ճնշումների պատճառով էլ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հ. Բիշարյանը Կ. Բոթոյանի հայտարարությունից հետո հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որն ուղղված էր Հ. Աբրահամյանին ու Գ. Խաչատրյանին:
«Պարզապես ուզում եմ ասել, պարոն Խաչատրյան, պարոն վարչապետ, որ այս երեք օրերը, որ թատրոն էիք ցույց տալիս ու համագործակցության կոչեր անում, իմացեք, որ դուք չեք կարող պահպանել համագործակցության տարրը: Եվ հնարավոր չէ, որ գործարար մարդը կարողանա տեսակետ և կարծիք ունենալ և չքվեարկել այնպես, ինչպես ձեզ է պետք: Համագործակցության մասին ազնիվ, թափանցիկ աշխատելու և ճիշտ պահվածքի մասին ավելորդ է կառավարության հետ խոսել»,- հայտարարեց Հ. Բիշարյանը:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՕԵԿ-ն էլ իր հերթին է որոշում կայացրել Կ. Բոթոյանին հեռացնել խմբակցությունից և նույն խնդրով էլ դիմել է կուսակցության վարչություն: Իսկ այս պարագայում հետաքրքիր է նկատել, որ կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու համար նման որևէ դեպք չգրանցվեց հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում: ԲՀԿ-ից որևէ մեկի վրա ճնշում չգործադրվեց, որ Կ. Բոթոյանի նման «կողմ» քվեարկեն կառավարության ծրագրին ու դուրս գան կուսակցությունից, որը խոցելի գործարարների պակաս չունի: Հ. Աբրահամյանը հավանաբար ԲՀԿ-ի նկատմամբ նման դաժան քայլեր չէր անի, քանի որ այդ կուսակցությունը պատկանում է իր խնամի Գագիկ Ծառուկյանին, ինչ-որ չափով՝ նաև իրեն, և որ ինքը վարչապետ է դարձել ԲՀԿ շնորհիվ: Նման պարագայում դժվար թե Հ. Աբրահամյանը ԲՀԿ որևէ գործարարի ստիպեր «կողմ» քվեարկել իր ծրագրին:










































