«Խնդրում եմ, իմ հարցերը գրի առեք: Սկզբում հիշում էիք՝ ինչ հարց եմ տվել, սկսեցիք պատասխանել, հետո չէ»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին:
Սակայն Դավթյանն այդպես էլ անպատասխան թողեց Ա. Մինասյանի հարցը՝ թե կառավարությունը միջնաժամկետ ծրագրով 100 հազար աշխատատեղի պարտավորություն է վերցրել, բայց բյուջեում նշված չէ, թե 2013թ.-ին որքա՞ն աշխատատեղ է ստեղծվելու և ո՞ր ոլորտներում:
«Արդյունաբերական ռազմավարության մեջ, որին 300 մլն դրամ է հատկացվում, Ձեր խոսքում առավել կարևորվեց ցուցահանդեսներին մասնակցությունը: Դա հայտնի է, աշխարհում շոու է ավելի շատ: Ավելի առարկայական պետք է լինել»,- խորհուրդ տվեց Ա. Մինասյանը և հարցրեց, թե որքա՞ն է ՀՆԱ պոտենցիալը, և որքա՞ն ենք շեղվել դրանից:
«Տեմպերի հետ կապած չեմ կարծում, որ 6-7% աճի տեմպերը, այդ թվում` 12% արդյունաբերության աճը, ցածր են, առավել ևս աշխարհի գլոբալ գործընթացները դանդաղում են, և քիչ երկրներ կան, որ նման աճի տեմպեր ունեն»,- պատասխանեց Տ. Դավթյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ Վրաստանն այս տարի ընդունել է 5 մլն զբոսաշրջիկ:
«Չկա նման բան»,- հերքեց նախարարը: «Ես ձեզ ասում եմ՝ Վրաստանն ընդունել է 5 մլն զբոսաշրջիկ»,- կրկնեց Այվազյանը: «Թվերի հետ պետք է զգույշ լինել»,- չզիջեց Դավթյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































