«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է ԲՀԿ գործարար-պատգամավոր Արագած Ախոյանը, ով, ի դեպ, հրավիրված չի եղել գործարարների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը:
– Պարոն Ախոյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում Հովիկ Աբրահամյանի հետ գործարարների հանդիպմանը, չէ՞ որ նա նաև խոշոր գործարար է:
– Հարցրեք պարոն Ծառուկյանին, ես ինչ գիտեմ՝ ինչի չէր մասնակցում: Չեմ կարող ասել:
– Հովիկ Աբրահամյանն ասել է, թե նաև ցավեցնելու է իր մերձավորներին…:
– Ի՞նչ է նշանակում՝ ցավեցնելու է: Ինչո՞ւ համար: Ինչի՞ եք կարծում, որ պետք է ցավեցնի:
– Դե, ինքն է այդ մասին հայտարարել:
– Հա, օրինազանցներին և օրենքը խախտողներին` բնականաբար: Գիտեք՝ կարծում եմ, որ արդարամտությունը շատ լավ բան է և կբերի նրան, որ ձեր ասած արտոնյալ պայմաններ ունեցող մարդկանց, եթե կարողանա հասնել նրան, որ ցավեցնի, էդ արտոնությունները վերցվեն, եթե դա կոչվում է ցավեցնել, ուրեմն կարող է անել: Ես հավատում եմ, որ կարող է անել:
– Իսկ Ձեր կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանը, օրինակ, կարո՞ղ է ցավեցնել իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին:
– Եկեք խնամիական հարաբերությունների մեջ չմտնենք: Եթե վերցնենք խնամիական դաշտը, հազար ձև կա ցավեցնելու, ինչի մենակ բիզնեսը: Եկեք թողնենք դա: Ես կարծում եմ, որ նման խնդիր չի առաջանա և չի լինելու նման խնդիր: Չեմ կարծում, որ էնտեղ ինչ-որ արտոնություններ լինի:
– Իսկ Ձեր մասով մտավախություն ունե՞ք, չէ՞ որ Դուք էլ բավական բիզնեսներ ունեք:
– Չէ, կարծում եմ, Հովիկ Աբրահամյանը կօգնի, որ այս վիճակից դուրս գա տնտեսությունը, ես հաստատ համոզված եմ, որ էդ ընթացքում մենք կօգտվենք: Մեկը ես կօգտվեմ: Ասեմ` ինչու, որովհետև կարծում եմ, որ վերաբերմունքը կփոխվի մանր և միջին բիզնեսի նկատմամբ: Կարծում եմ, կվերանան այն արատավոր երևույթները, երբ որ նորաթուխ, կիսագրագետ թեթև պաշտոնյայի թեթև ձեռքով մի բիզնես կքանդվի:
– Նույն Հովիկ Աբրահամյանը խոշոր գործարար է, հայտնի է, որ մանր բիզնեսի հաշվին է խոշոր գործարարը կայանում…:
– Կներեք, ես որքան որ նրան հիշում եմ, պարոն Աբրահամյանը եղել է պետական պաշտոնյա:
– Բայց նա նաև խոշոր գործարար է:
– Դա վատ բան չի, գործարարը ավելի շուտ կհասկանա, ավելի պրակտիկ կլինի, քան թե ռոմանտիկները կամ նրանք, ովքեր որ կոսմոպոլիտ են: Պարոն Աբրահամյանը աճած մարդ է: Զրոյից սկսած բոլոր էտապներում աշխատել է և էսօր երկրի բարձրագույն պաշտոններից մեկն է զբաղեցնում:
– Նույն բանը հայտարարում էր Տիգրան Սարգսյանը: Ո՞րն է տարբերությունը, Ձեր կարծիքով: Մինչ այժմ խոչընդոտներ կայի՞ն:
– Չէ, խոչընդոտները միայն վարչարարական էին: Ուրիշ ոչինչ: Այսօր ես հայտարարում եմ, որ շատ պետական ծառայողներ ունեն ապազգային նկարագիր, առանց հասկանալու, թե իրենց վարքագծով քանի ընտանիք կթողնի, կգնա: Ես հուսով եմ, որ այդ մարդիկ կհայտնաբերվեն, կպատժվեն և չեն վարի ոչ մի լուրջ պաշտոն:
Հովիկ Աբրահամյանը ավելի պրակտիկ, տեղում հարց լուծող մարդ է, կարճ ասած:
– Սակայն ԱԺ նախագահի պաշտոնում իր դերակատարության ժամանակ Հովիկ Աբրահամյանը չի առանձնացել սկզբունքայնությամբ, կառավարության բերած որևէ օրինագծի չի հակադրվել, և նրա ղեկավարած ԱԺ-ն ընդունել է դրանք:
– ԱԺ նախագահի ֆունկցիան ընդամենը նիստերը վարելն է, Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից էր, բնականաբար կառավարության բերած ցանկացած օրենք պիտի անցներ, որովհետև իրենց կուսակցության որոշումն էր:
– Ասել է թե՝ չեք կիսում գործարարների այն կարծիքը, որ եթե Հովիկ Աբրահամյանն ուզում է փոփոխություններ անել, պետք է կոնկրետ արտոնություններից զրկելու մասին խոսեր:
– Ոչ չեմ կիսում: Ես հարուստ մարդկանց դեմ չեմ, շատ աշխատող մարդկանց դեմ չեմ հոգուս խորքում: Ես դեմ եմ փոքրերին վերացնելուն և խոչընդոտներ ստեղծելուն:
– ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության ծրագրի հիմնական ուղղությունները նույն են մնալու: Այս պարագայում Դուք հավատո՞ւմ եք, որ Հովիկ Աբրահամյանը կարող է էական փոփոխություններ բերել:
– Հարցը շատ նուրբ է, բայց կպատասխանեմ, որ այո, որովհետև ծրագիրն իրականացնելն է կարևոր, ոչ թե ծրագրի լավ ու վատ լինելը: Դրա համար կարծում եմ, որ որոշակի փոփոխություններ անելով դրական տեղաշարժ կարձանագրվի:
– Դուք որոշե՞լ եք՝ ինչպե՞ս եք քվեարկելու կառավարության ծրագրին:
– Դեռ չեմ որոշել, որովհետև ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ: Ոնց կորոշեն, էնպես էլ կքվեարկենք:
– Ճի՞շտ է, որ այս անգամ էլ ազատ է թողնվելու քվեարկությունը, ինչպես եղավ Գալուստ Սահակյանի ընտրության ժամանակ:
– Չէ, դեռ որոշում չկա: Դեռ ծանոթ չենք կառավարության ծրագրին: Հենց կծանոթանանք, կորոշեք: