Բրիտանական Queen Elizabeth նոր ավիակիրը հուլիսի 4-ին Շոտլանդիայում տեղակայված «Ռոսիթ» նավաշինարանից կիջեցնեն ջուրը: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News շաբաթաթերթը:
Ավելի վաղ՝ ապրիլի 29-ին, նավի շինարարությանը մասնակցած BAE Systems ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ նավը կիջեցվի առանց ավիացիոն խմբի: Նրա խոսքով՝ ավիակրի տախտակամածի վրա կտեղակայվի F-35B Lightning II կործանիչի միայն մեկ բնական մակետ, որոնցով հետագայում կզինվի նավը:
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի, պաշտպանության նախարարության և ավիակրերի շինարարությանը մասնակցող BAE Systems, Babcock, Thales UK ընկերությունների համար նավերից մեկի ջուրն իջեցնելը նշանավորում է դրանց շինարարության աշխատաքնի էական փուլի ավարտը:
Ավիակրերի ստեղծման աշխատանքների արժեքը էականորեն մեծացել է: Սկզբում այն կազմել է մոտ 6.38 մլրդ դոլար, իսկ հետո աճել մինչև 10.4 մլրդ դոլար:
Queen Elizabeth դասի երկրորդ ավիակրի՝ Prince of Wales-ի առաջին մոդուլն արդեն հասցվել է գլխավոր նավաշինարան:
Prince of Wales-ի ջուրն իջեցնելու ընթացիկ ծրագիրը ենթադրում է 2016-ին նավերի հավաքման աշխատանքների ավարտը, 2019-ի հունվարին ջրային փորձարկումների սկիզբը և նույն տարվա օգոստոսին նավի ընդգրկումը ռազմածովային ուժերում:
Ներկայումս փորձագետների ուշադրությունն ուղղված է Queen Elizabeth ավիակիրը ջուրն իջեցնելուն, որի բարդ կառուցվածքը լիովին տեսանելի կլինի միայն այն նավահանգստից դուրս բերելուց հետո: Ըստ ընթացիկ ծրագրի՝ նոր նավի ջրային փորձարկումները կսկսվեն 2016-ի օգոստոսին, 2017-ի մայիսին այն կընդգրկվի բրիտանական ռազմածովային ուժերի կազմում:








































