Խանջյան փողոցի 20 հասցեում փլուզված շենքի շինաշխատանքների ժամկետը լրացած է եղել: Փաստացի, տարածքում շինարարությունն ընթացել է առանց համապատասխան թույլտվության: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նրա խոսքերով՝ 2009 թ. տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվություն է տրվել «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին: Շինաշխատանքներն իրականացրել է «Չիլինգարյան դիզայն» ընկերությունը: Քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչությունն այս տարվա ստուգումների ժամանակ բացահայտել է, որ այդ տարածքում շինթույլտվության ժամկետն անցել է: Կազմվել է արձանագրություն, սահմանվել է տուգանք, շինարարությունը դադարեցվել է: Դրանից հետո օրենքով սահմանված կարգով այդ ընկերությունները պետք է դիմեին ժամկետի երկարացման թույտվություն ստանալու համար, բայց չեն դիմել:
Արթուր Գևորգյանը վստահեցրեց, որ եթե այս դժբախտ պատահարը չլիներ էլ, միևնույն է քաղաքապետարանի մասնագետների աչքից չէր վրիպի անօրինական շինարարությունը: «Էլի մենք կարձանագրեինք և այդ դեպքում շատ ավելի խիստ էր պատժվելու»,- ասաց նա:







































