Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, 9 տարի է անցել ՅՈՒԿՕՍ նավթային կոնցեռնի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու կալանավորումից: Այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է նրա փաստաբան Վադիմ Կլյուվգանտի հետ:
Վերջինս ասել է, որ Խոդորկովսկու անհանգստություններն առաջին հերթին կապված են նրա մտերիմների հետ, որոնց ոչ միայն այդքան տարի չի տեսել, այլև հեռու է գտնվում նրանցից:
Հարցին՝ թե երբ ազատության մեջ կհայտնվի Խոդորկովսկին, փաստաբանն ասել է. «Հենց որ նրա գործում օրենքն աշխատի, այդ ժամանակ էլ նա ազատության մեջ կհայտնվի: Այնքան ժամանակ, ինչքան գործում է հաշվեհարդարը, որտեղ օրենքը չի գործում, այլ որոշումների ընդունման ժամանակ այլ մոտիվներ են գործում, ամեն ինչ շատ անկանխատեսելի է: Բացարձակ հիմքեր չկան նրան պահելու այնտեղ, որտեղ նա գտնվում է: Դա հանցավոր հաշվեհարդար է»,- հայտարարել է Խոդորկովսկու փաստաբանը:
Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանում քաղաքական իրավիճակը ինչ-որ կերպ ազդում է Միխայիլ Խոդորկովսկու ճակատագրի վրա, նա տվել է դրական պատասխան:
«Անկասկած, քաղաքական իրավիճակը չի կարող չազդել նրա ու նրա գործի ճակատագրի վրա: Այդպիսի կապը հնարավոր չէ հերքել»,- ասել է Վադիմ Կլյուվգանտը:










































