ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի հինգ որդիներից ավագը` Թեգը, կատակել է՝ ասելով, որ ցանկացել է հարվածել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային, երբ երեքշաբթի օրը կայացած բանավեճի ժամանակ նա իր հորը «ստախոս» է անվանել։
«Ես ուզում էի վազել բեմ և հարվածել նրան: Բայց, իհարկե, դա հնարավոր չէր անել, քանի որ մեր միջև կանգնած էին գաղտնի ծառայության բազմաթիվ աշխատակիցներ»,- հայտարարել է Թեգ Ռոմնին, ով ակտիվ մասնակցություն ունի իր հոր ընտրական քարոզարշավում:
Արդյունքում Ռոմնիի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ստիպված բացատրել է, որ թեկնածուի որդու խոսքերը կատակ են եղել:
«Նախընտրական քարոզարշավն այդպիսին է: Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի սևացնեն հորս: Մենք դա հասկանում ենք: Մեզ մնում է միայն ընդունել նրանց հարվածները, իսկ հետո պատասխանել դրանց»,- ասել է Թեգ Ռոմնին:










































