Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան Խաղաղության Նոբելյան մրցանակը ԵՄ-ին հանձնելը անհեթեթություն է անվանել` հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:
2012թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է ԵՄ-ին` աշխարհում ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման համար: Այսկերպ ընդգծվել են ԵՄ-ի ջանքերը Եվրոպայի միավորման և այն պատերազմական մայրցամաքից խաղաղության մայրցամաքի վերածելու գործում:
«ԵՄ-ում լավ բաներ կան, բայց ինձ թվում է` անհեթեթություն է Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել նման բյուրոկրատական կառույցի` չնայած մենք բոլորս էլ տեղյակ ենք նման հզոր խաղերի մասին այդ բարձր մակարդակներում»,- ասել է Կորեան:
Էկվադորի նախագահը հարգում է այդ որոշումը, սակայն համաձայն չէ դրա հետ: Նրա կարծիքով` այդ մրցանակին ավելի արժանի էր հարավամերիկյան պետության փոխնախագահ Մենին Մորենո Գարսեսը:
Ընդհանուր առմամբ մրցանակի համար պայքարել է 231 թեկնածու, այդ թվում` 43 հասարակական և միջազգային կազմակերպություններ:








































