Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 12-ին երկու համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև:
ՀՀ ԱԳ նախարարության մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ստորագրել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՖՄԿ գործադիր տնօրեն Կլեմեն Դյուէմը համաձայանգիր են ստորագրել ՀՀ քաղծառայողներին և դիվանագետներին ֆրանսերեն լեզվի ուսուցման վերաբերյալ:
Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա կառույցների աջակցությամբ ընդլայնել ֆրանսերեն լեզվի ուսուցման ծավալները Հայաստանի կրթական հաստատություններում, Հայաստանի գրադարաններում ֆրանկոֆոն բաժիններ բացել, ակտիվացնել ֆրանկոֆոն այլ երկրների հետ մշակութային փոխանակումները, խթանել հայկական լրատվամիջոցների կողմից ֆրանսերեն լեզվով թողարկումները, աջակցել ֆրանսերեն լեզվով Հայաստանի մասին տեղեկատվական և տուրիստական նյութերի պատրաստմանը:
Ստորագրման արարողությանը հաջորդած ելույթում ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը նշել է Հայաստանի ներգրավվածությունը ֆրանկոֆոն աշխարհում, առանձնահատուկ դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման և պահպանման գործում։
Իր ելույթում ԱԳ նախարար Նալբանդյանն ասել է. «Այս պահին, երբ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների վաղվա նիստի օրակարգում է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի փոփոխության հարցը, մենք ստորագրում ենք երկու կարևոր փաստաթղթեր, որոնք թույլ կտան առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև:
Ստորագրված համաձայնագրերը արդյունք են արդեն իսկ առկա սերտ համագործակցության և գոհունակությամբ կարելի է արձանագրել այն առաջընթացը, որ այս վերջին տարիներին գրանցվել է Հայաստանում կրթության, մշակույթի, հաղորդակցության և տուրիզմի բնագավառներում ֆրանսերեն լեզվի օգտագործման առումով: Դա ձեռնարկված համատեղ ջանքերի արդյունքն է»:
Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանկոֆոն ընտանիքին ասոցացված անդամի կարգավիճակով միացել է միայն 2008թ., այսօր այն հանդիսանում է ամենաակտիվներից մեկը և առաջատար դիրքերում է գտնվում Ֆրանկոֆոն երկրների շարքում։
Արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել և Ֆրանկոֆոնիայի բնագավառում Հայաստանի արձանագրած հաջողությունները բարձր են գնահատել Ֆրանկոֆոն համալսարանական միջազգային գործակալության ղեկավար Բեռնար Սերքիգլինին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Քլեմեն Դյուէմը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ֆրանսիայի Սենատի անդամ Ժակ Լըժանդրը։








































